Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

24 ամսում ամբողջ երկրում մանկապարտեզները դարձնել անվճար. Արթուր Բաղդասարյան

Քաղաքականություն
Untitled1

ՕԵԿ կուսակցությունն նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձորում է։ Կուսակցության առաջնորդը խոսեց իրենց սոցիալական քաղաքականությունից։ «Մենք հիմա առաջարկում ենք 24 ամսում ամբողջ երկրում մանկապարտեզները դարձնել անվճար։ Մենք առաջարկում ենք ավանդների վերադարձի շարունակություն, ներառյալ՝ մահացած ավանդատուների ժառանգներին, այնպես, ինչպես արել են նախկին խորհրդային երկրներում»,- ասաց նա։ Բաղդասարյանն առաջարկում է հասցեական սոցիալական քաղաքականություն, հասանելի առողջապահություն․«Այսօր մարդիկ մահանում են, որովհետև չեն կարողանում վճարել դեղի համար, չեն կարողանում վճարել իրենց վիրահատության համար»։ ՕԵԿ-ականների ծրագրային առաջարկների ցանկն ընդգրկում է տարածված հիվանդությունների բուժումը պետբյուջեի միջոցների հաշվին, Հայաստանում առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը, անվճար դեղերի ցանկի ընդլայնումը։ Կրթության ծրագրերին անդրադառնալով Արթուր Բաղդասարյանը նշեց․ «Անվճար պետական պատվերի միջոցների հաշվին շարունակել բարձրագույն կրթության ֆինանսավորումը։ Մենք Հայաստանում վերջ դրեցինք ուսումնական հաստատությունների թալանին ու սեփականաշնորհմանը»։ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են 10․000 ուսուցչի կրճատմանը։ «Այսօր մի ուսուցիչն աշխատում է 30-38 աշակերտի հետ։ Քաղաքակիրթ երկրներում մի ուսուցիչը պետք է աշխատի 8-10 աշակերտի հետ, եթե խոսում ենք որակյալ կրթության մասին»։ ՕԵԿ նախագահը պնդում էր, որ ոչ թե պետք է կրճատվի 10․000 ուսուցիչ, այլ նվազագույնը 30․000 ուսուցիչ պետք է ընդունել աշխատանքի։ Անդրադարձ կատարեց նաև տեղի գործարարներին․«Ո՞վ է Վանաձորի Քիմպրոմի տերը, ինչո՞ւ պետությունը քայլեր չի ձեռնարկում Քիմպրոմը վերագործարկելու։ Ո՞վ է Նաիրիտի սեփականատերը, ոչ մեկ չգիտի։ Նույնիսկ հեղափոխությունից հետո 8 ամիս ա անցել, չգիտենք»,- հարցադրում էր Բաղդասարյանը։