Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդօրինակման արժանի կերպար եք Դուք. Փաշինյանը՝ Ջեյմս Թրուշարդին (տեսանյութ)

Պաշտոնական
TM_2017

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով  արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Ողջունելով հյուրին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու մասին որոշում եմ կայացրել, ինչը ոչ միայն մեր բարձր գնահատանքն է Ձեր նվաճումներին, այլև կարևոր է այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է անհատական նվաճումներով փոխել աշխարհը: Հույս ունենք, որ կկարողանանք Հայաստանում քաջալերել քաղաքացիներին, որպեսզի նրանք հավատան իրենց անհատական կարողություններին և աշխարհը փոխելու միջոցներ ձեռնարկեն: Այս առումով ընդօրինակման արժանի կերպար եք Դուք և ուզում ենք Ձեր կերպարն ի ցույց դնել մեր երիտասարդությանը»:  Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա կարևորել է կրթական համակարգի զարգացումը և ինժեներական ոլորտի ուղղությամբ բարձրորակ կադրերի պատրաստումը: Միաժամանակ, Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը պատրաստ է հայ գործընկերների հետ խորացնել համագործակցությունը և այդպիսով նպաստել ոլորտի հետագա առաջընթացին մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ունի ՏՏ ոլորտի զարգացման մեծ օրակարգ և իրականացված քաղաքական հեղափոխությանը պետք է հետևի տնտեսական հեղափոխությունը: Այդ համատեքստում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման, արտաքին ներդրումների ներգրավման, ՏՏ ոլորտի և տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ կառավարության քաղաքականությանն ու տեսլականին: Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.   «Հարգարժան պարոն Թրուշարդ, Տիկնայք և պարոնայք,   ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն այսօր շնորհվում է «Նեշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին: Մի մարդու, որ իր նորարարությամբ բացառիկ դերակատարություն է ունեցել ողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տարածման գործում։ Ես մասնագիտական մանրամասների մեջ չեմ մտնի։ Բայց կասեմ հետևյալը։   Մեզ համար նոր տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում իրականացնելու այն, ինչը մենք ցանկանում ենք իրականացնել, այն է` տնտեսական հեղափոխություն։ Դրանք նաև մարտահրավեր են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են քայլել մարդկության առաջընթացին համընթաց։   Հայաստանի և ընդհանրապես ողջ հայության համար այս ոլորտն ունի ռազմավարական նշանակություն։ Նախևառաջ, ապրելով աշխարհա­քա­ղա­քական բարդ տարածաշրջանում` մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաներն այն վիրտուալ կապն են, որ ապահովում են արտաքին աշխարհի հետ մեր անխափան հաղորդակցությունը, ինչո՞ւ չէ նաև մեր տնտեսական աճն ու զարգացումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն սակավաթիվներից է, որոնց զարգացման համար անհրաժեշտ չեն նավահանգիստներ, ելք դեպի ծով, հարուստ ընդերք: Դրա համար անհրաժեշտ է մարդկային կապիտալ: Իսկ դա այն ռեսուրսն է, որով Հայաստանը մշտապես աչքի է ընկել:   Մենք ոչ միայն ուրախ ենք այդ նոր բացվող հնարավորությունների համար, այլև պիտի ամեն ջանք գործադրենք այդ հնարավորություններից առավելագույնս օգտվելու ուղղությամբ։ Հենց այդ է պատճառը, որ ես մեր նոր ձևավորվող կառավարության առաջնային խնդիրներից եմ համարում  Հայաստանն ագրարային, հանքար­դյու­նա­բերական երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը: Եվ բնավ նկատի չունեմ գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցում: Ընդհակառակը, մենք պետք է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական մոտեցումների օգտագործմամբ զարգացնենք և նոր մակարդակի հասցնենք նաև մեր գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը: Մենք պետք է ինովացիոն լուծումներով ոչ միայն դյուրացնենք համապատասխան ոլորտում և ընդհանրապես բոլոր ոլորտներում աշխատողների հոգսը, այլև բարձրացնենք արտադրանքի որակն ու արդյունավետությունը:   Այն, ինչ արել և անում են տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում, անհնար է մեկնաբանել այլ կերպ, քան հեղափոխություն։ Մենք հեղափոխականներ ենք, և հեղափոխություն բառով հասկանում ենք կտրուկ առաջընթաց, ոչ շաբլոն լուծումներ, նորարարություն, ինչպես նաև կյանքի ու աշխատաոճի երիտասարդացում։   Սիրելի պարոն Թրուշարդ,   Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Մեր համագործակցությունը Ձեզ հետ ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի: Այդ ժամանակահատվածում Դուք՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հայաստանյան գրասենյակի միջոցով արդեն իսկ հասցրել եք մեծապես նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետներին միջազգային շուկաներում դրսևորվելու հնարավորություն եք ընձեռել:    Մենք Ձեզ ընկալում ենք որպես դաշնակից աշխարհն ավելի խելացի, ավելի ուժեղ, ավելի նորարար դարձնելու համամարդկային գործում։ Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք օրինակ ցույց տալ մեր երիտասարդներին, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից մարդը և ինչ իդեալների հետևից պետք է գնա։ Այս մրցանակով մենք ցանկանում ենք նաև գնահատել Ձեր գործը և պարզապես մեծարել Ձեզ։ Եթե նույնիսկ Դուք չունեք դրա կարիքը, դրա կարիքն ունենք մենք։ Մենք հասարակություն ենք, որը գնահատում է մարդու աշխատանքը և ներդրումը, առավել և՜ս գնահատում է մեծ մարդու մեծ ներդրումը։  Պարոն Թրուշարդ,