Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Շահվերդյանին ես չեմ տեղավորել, այլ նշանակել եմ. Վիգեն Չալդրանյան

Հասարակություն
suren-shahverdyan

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում  նշանակել է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, իսկ ինքը կշարունակի զբաղեցնել թատրոնի տնօրենի պաշտոնը։ Մինչդեռ դերասանների մի խումբ նրա հրաժարականն են պահանջում։ «Սա աթոռակռիվ է: Գեղարվեստական ղեկավարի պաշտոնին դերասանուհի Նարինե Գրիգորյանն է հավակնում, իսկ տնօրենի պաշտոնին՝ դերասան Արման Նավասարդյանը: Ես կառչած չեմ աթոռից, ես կառչած եմ իմ արժանապատվությունից և իմ ճշմարտությունից,- հայտնեց Վիգեն Չալդրանյանը «Ա1+»-ին։ «Պլանավորել են ընտրություններից անմիջապես առաջ, օգտվելով խառը իրավիճակից, ստիպել ինձ հրաժարական տալ: Եթե հայտարարում եք, որ սա ձեր սեփական թատրոնն է, ապա պետք է ունենաք կադաստրի թուղթը: Եթե շանտաժով եք ձեր գործն առաջ տանում, ապա ապրում ենք ջունգլիների օրենքներով: Իսկ, եթե ապրում ենք օրենքի երկրում, ապա բարի եղեք օրենքով շարժվել,- ասաց ռեժիսորը: Հիշեցնենք, որ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդի Սուրեն Շահվերդյանը դեռ վերջերս պայքարում էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար, սակայն թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը ընտրեց Կարեն Ներսիսյանին։ «Ես այդ մասին անգամ չգիտեի,- ասաց Չալդրանյանը,- սակայն, պետք չէ դիտարկել այնպես, թե ես տեղավորեցի Սուրենին։ Սուրեն Շահվերդյանին ես ճանաչում եմ շատ վաղուց: Սուրեն Շահվերդյանը բուն թատրոնի մարդ է: Չեք ուզում իմ հետ աշխատեք, ես կաշխատեմ Սուրենի հետ: Ձեր գործը կլինի միայն գեղարվեստական ղեկավարի հետ: Տնօրենի հետ կապ չեք ունենա: Չէ նրան էլ չեն ուզում: Կրկնում եմ, եթե պետական թատրոն եք դառել, ուրեմն պիտի ենթարկվեք պետական օրենքներին: Եթե հետ եք գնում, նորից մասնավորեցնում եք թատրոնը, մեզ հետ գործ չունեք, ինչ ուզում եք կարող եք անել»: