Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով (տեսանյութ)

Պաշտոնական
IMG_7228-copy

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով: Հանձնելով պարգեւը եւ գործընկերների անունից շնորհավորելով Արա Բաբլոյանին՝ ԱՊՀ ՄԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնավորապես նշել է. «Այսօր վերջին անգամ խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Գործընկերներ, այս ընթացքում մենք հետեւել ենք, թե ինչ պատասխանատվությամբ է պարոն Բաբլոյանը վերաբերվել միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որքան ակտիվություն է ցուցաբերել: Արա Բաբլոյանը կարողացավ պահպանել իրավիճակը հանրապետությունում անսովոր, դժվարին ժամանակներում, որի համար նա շատ բան է արել: Թերեւս կարող էր չժամանել, սակայն այսօրվա ներկայությունը բնորոշում է Արա Բաբլոյանին՝ որպես լուրջ, պատասխանատու անձնավորության: Մեզ մոտ ոչ միայն պարզապես ՄԽՎ խորհուրդ է, այլ նաեւ թիմ, կոլեկտիվ. մենք ճանաչում ենք իրար, մշտապես կապի մեջ ենք, ընկերություն ենք անում, միմյանց աջակցում: Դա շատ լավ է բնութագրում Ձեզ, պարոն Բաբլոյան՝ որպես արժանի անձնավորության եւ իմաստուն քաղաքական գործչի, ով ճիշտ որոշում է կայացրել: Իրոք, զգալի ներդրում եք ունեցել ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներում եւ պարգեւատրվում եք ԱՊՀ ՄԽՎ բարձրագույն պարգեւով՝ «Համագործակցություն» շքանշանով»: Իր շնորհակալական խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Ես ավարտում եմ իմ գործունեությունը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, բայց չի ավարտվում իմ գործունեությունը թիմում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ես կլինեմ բարեկամ, գործընկեր, դաշնակից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, նշել, որ միջխորհրդարանական վեհաժողովը՝ որպես ԱՊՀ խորհրդարանական բաղադրիչ, երկխոսության ու ԱՊՀ երկրների խորհրդարանների համագործակցության կարեւոր եւ արդյունավետ հարթակ է, համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում, ուր մշակվում են կառուցողական մոտեցումներ եւ ընդունվում հավասակշռված որոշումներ՝ ուղղված ԱՊՀ անդամ երկրների բարօրությանը: Իր ողջ գործունեության ընթացքում վեհաժողովը եղել է արդյունավետ հարթակ քաղաքական, հումանիտար, տնտեսական խնդիրների պատասխանները փնտրելու հարցում: Ժամանակակից միջազգային հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունն ունի իր ուրույն դերը՝ տարբերվելով դասական դիվանագիտությունից եւ ներդաշնակորեն լրացնելով դրան: Այս տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս կապակցությամբ մենք ուղարկել ենք հրավերներ միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ-ին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանում ընտրություններն անցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան, Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ: Հարգելի գործընկերներ, բարեկամներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ արդյունավետ համագործակցության համար եւ՛ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում, եւ՛ երկկողմ ձեւաչափով: Ինձ համար թանկ են այն անձնական հարաբերությունները, որոնք հաստատված են մեր միջեւ: Թույլ տվեք վստահեցնել, որ Հայաստանի նոր խորհրդարանը եւս կշարունակի գործել տասնամյակների ընթացքում միջխորհրդարանական վեհաժողովում հաստատված ավանդույթի ոգով՝ ուղղված կապերի եւ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդմանը՝ միտված մեր ժողովուրդների բարօրությանը»: