Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ակորդեոնը հայերի համար ոչ թե ակադեմիական, այլ պոպուլյար ժանրի գործիք է» (տեսանյութ)

Մշակույթ
marek.-m

«Հայաստանի ունկնդիրն ամենաջերմն է, աշխարհի լավագույն գինին, որ փորձել է ՝ հայկականն է ու ծննդյան օրվա առիթով ամենավառ անակնկալն այստեղ է ստացել»,- ասում է լեհ ֆենոմենալ ակորդեոնահար Մաչեյ Ֆրոցկևիչը, որը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում համերգներով հանդես եկավ Գյումրիում, Վանաձորում և Բյուրականի  արվեստի ակադեմիայում: «Ակորդեոնը իմ ընտրությունը չի եղել, -խոստովանում է երաժիշտը: Չարաճճի երեխա էի և ծնողներս որոշեցին երաժշտական դպրոց տալ, որ էներգիաս մի քիչ պարպվի: Թե ինչ է ակորդեոնը ես անգամ չգիտեի, սակայն ասեմ, որ միանգամից սիրեցի և մինչ օրս բացահայտում եմ այս գործիքի լայն հնարավորությունները»: Նրա խոսքով հայ ունկնդրի համար ևս անսպասելի էր, որ ակորդեոնը նման հնարավորություն ունեցող գործիք է, որ կարող է անգամ նվագախումբ փոխարինել: Ակորդեոնը, հայերը, ցավոք, դիտարկում են ոչ որպես ակադեմիական, այլ պոպուլյար ժանրի երաժշտության կատարման գործիք: Դասական ակորդեոնի ամենահեղինակավոր մրցույթների մրցանակակիր, լավագույն նվագախմբերի և հայտնի դիրիժորների ղեկավարությամբ ելույթներ ունեցած վիրտուոզ երաժիշտը պատրաստ է գալ և վարպետության դասեր անցկացնել հայ շնորհալի երեխաների համար: Մաչեյ Ֆրոցկևիչը համոզված է, որ ակորդեոնը 21-րդ դարի գործիք է, դեռևս լիովին չբացահայտված հնարավորություններով և հիշեցնում է քամելեոն,  քանի որ կարող է համակերպվել գույնի և ձայնի հետ, համահունչ լինել և փողայինների և լարայինների հետ, հանդես գալ և նվագախմբի հետ և որպես մենակատար գործիք, սակայն այն դեպքում, երբ կատարողը տիրապետի և կարողանա օգտագործել գործիքի լայն հնարավորությունները: