«Ռոսիա մոլն» անճաշակություն է․ Անահիտ Թարխանյան

1974 թվականի նոյեմբերի 28-ին շահագործման մեջ դրվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը։ Կառույցի ճարտարապետներն էին Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը։ Այժմ կառույցը հիմնականում օգտագործվում է որպես առևտրի կենտրոն։

«Ա1+»-ին հիշողություններն է պատմում Արթուր Թարխանյանի դուստր, նույնպես ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

«Ես այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան երեխա էի և հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էին հայրս և իր գործընկերները խոսում կինոթատրոնի կառուցման մասին։ Ինչպես էին աշխատում շենքի շուրջը։ Շենքը դեռ նոր էր կառուցվում, բայց հենց կառուցման ժամանակ արդեն բոլորին ցնցում էր իր չափերով, ինժեներական լուծումներով»,- պատմում է տիկին Թարխանյանը։

 

-Ռոսիա կինոթատրոնը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ուներ։

-Հայրիկս և գործընկերները միշտ երազել են անունը Արարատ կամ Նոյան Տապան դնել։ Հայրիկը կողմ էր, որ անունը Նոյյան տապան դնեին։ Նրա տպավորութությունն այն էր, որ կառույցն իր ֆորմայով, տեսքով հիշեցնում էր Նոյյան տապանը՝ Արարատի ֆոնի վրա։ Ինձ համար դա մշակութային կենտրոն էր։ Հենց բացման օրվանից այն դարձավ երևանցիների համար ամենասիրված մշակութային կենտրոնը։ Ֆիլմի դիտման համար շատ մեծ տարածք էր նախատեսված։ Շատ հետաքրքիր ձևով կահավորված, նախագծված էին սրճարանները։ Շատ հետաքրքիր լուծումներ էր տրված միմյանց միջև ներքին տարածություններին։ Երբ որ բարձրանում էիր, նամանավանդ գիշերները, երբ որ դուրս էինք գալիս, փակ դահլիճ էիր մտնում աստիճաններով, որոնք տանում էին դեպի վերև՝ եկեղեցում տարածքով քայլելու տպավորություն էր ստեղծվում։ Դահլիճները շատ տպավորիչ, գեղեցիկ էին։ Դահլիճների կորերի կառուցվածքը այնպես էր հաշվարկված, որ աթոռները այնպես էր դասավորվում, որ լավագույն լսելիությունը և տեսանելիությունն ապահովվի ներսում։ Այդ երկու կորերի կառուցումն արտացոլվեց դիզայնի մեջ։ Շենքի արտաքին դիզայնն արտացոլում է, թե ինչպես պետք է մարդ նստի, որ մեկի մյուսի դիմացը չփակի, չխանգարի ինչ-որ բան դիտելիս։ Այդտեղ մարդիկ գալիս էին ոչ թե միայն ֆիլմ դիտելու, այլև երկար ժամանակ անցկացնելու համար։ Մտնուն էին վեստիբուլը, որտեղ, որ ցուցասրահներ էին։ Ժամանակակից նկարիչների, տարբեր թեմաներով ցուցահանդեսներ էին լինում։ Եթե գնում էիր Ռոսիա կինոթատրոն, նշանակում է, որ 4-5 ժամով քո զբաղմունքն այնտեղ ծրագրավորում էիր։

Երեխաների համար նախատեսված տարածքներ նույնպես կային։ Բացի դահլիճներից, որտեղ մուլտֆիլմներ էին դիտում, կար նաև ժամանցի սրահ։ Շենքում տարբեր հայտնի քանդակագործներ են աշխատել։ Հարթակներում, որոնք հիմա օգտագործվում են միայն որպես տանիք, տեղակայված էին փոքր սրճարաններ։ Այդտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում․քաղաքն էր երևում, Արարատն էր երևում, մարդիկ կանգնում, զրուցում էին, խոսում էին արվեստի մասին, դիտած ֆիլմի մասին իրենց տպավորություններից։ Օղակաձև այգին ավարտվում էր այդ կինոթատրոնով։ Հետագայում կինոթատրոնը վաճառվեց ծիծաղելի մի գումարով՝ կես միլիոն դոլարով։ Սուքիասյանների ընտանիքը, որ գնեց դա, կարծում եմ՝ չէր էլ պատկերացնում, թե ինչ է ձեռք բերել։ Մարդիկ ովքեր չգիտեին, թե ինչ են ստացել։ Քանդեցին, ոչնչացրեցին  բազմաթիվ քանդակներ։ Տարածքները, որոնք հատուկ նպատակային, մարմարապատ տարածքներ էին, բռնեցին թուրքական սալիկներով երեսապատեցին։ Դահլիճները վերածեցին պահեստների։ Փչացվեց ու ոչ միայն շենքը, այլև ներսի քանդակները, կաշվեպատ աթոռները, բազմոցները, մշակութային այլ իրեր։ Մշակությի կենտրոնը վերածվեց առևտրային կենտրոնի։ Նույն կերպ 200 հազար դոլարով վաճառվեց Երիտասարադական պալատը։

-Իսկ վերջին ներգործությունների մասին ի՞նչ կասեք․ Ռոսիա Մոլի կառուցման կապակցությամբ։

-Ռոսիա մոլը անճաշակության դրսևորում է։ Անճաշակության դրսևորումն ապականեց ամբողջ մշակութային համալիրը։ Հրաչյա Պողոսյանը մեծ ջանք թափեց, մեծ պայքար ծավալեց պատվիրատուի հետ, որպեսզի Ռոսիա կինոթատրոնը հնարավոր լինի փրկել, պահպանել։ Սա ոչ միայն հայկական, այլև միջազգային ճարտարապետության լավագույն կառույցներից է։ 20-րդ դարի 60-70 թվականների կառույցների շնորհիվ  է, որ Հայաստանը միջազգային ճարտարապետական ֆոռումներում հայտնի է։ Այդպիսի շենքերը, կառույցները պահպանելու փոխարեն, մենք աղավաղում, փչացնում, ոչնչացնում ենք դրանք։

-Հնարավորության դեպքում ի՞նչ փոփոխություններ կիրականացնեիք Երևանի ճարտարապետական կառուցվածքում, ի՞նչ կառույցներ կվերականգնեիք։

-Առաջին հերթին ես կվերկանգնեի Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը։ Այն նախամուտքը, որը քանդվեց, ոչնչացվեց։ Ամառային դահլիճը պետք է վերականգնվի, որովհետև դա նույնպես միջազգային ճարտարապետության լավագույն օրինակներից մեկն է։ Ես կվերականգնեի Երիտասարդության պալատը։ Ես բավականին գծագրեր եմ արել։ Ես կվերականգնեի օդանավակայանը։ Ես կվերկանգնեի Փակ շուկան, որը թամանյանական շրջանի լավագույն աշխատանքներից մեկն է։ 19-րդ դարի Երևանի մի քանի շենք Շահումյանի հրապարակի մերձակայքում ոչնչացվեցին, չնայած պահպանվեցին արտաքին ճակատները։  Այդպիսի մոտեցումները մեծ խնդիրներ են Երևանի համար։ Մենք չենք պահում մեզանից առաջ կառուցվածը, հետո ասում ենք՝ Հայաստանում պատմամշակութային արժեքներ չունենք։

-Ո՞ր կառույցները կընդգծեիք, որ իրենց ճարտարապետական համաչափությամբ Ձեզ դուր են գալիս։

-Իհարկե չի կարելի ասել, որ Երևանում բացի վատից, ոչինչ չեն եղել։ Կան կառույցներ, շինություններ, որոնք շատ լավ ներգծված են տարածքի մեջ։ Օրինակ՝ Հանրապետության հրապարակին հարող շենքեր կան, որոնք շատ լավ են նախագծված, կառուցված։ Ամեն մի ճարտարապետ իր մոտեցումն է ցույց տվել յուրովի, բայց պահել է ճարտարապետական սկզբունքները։ Ինքնատիպ կառույցներ են Թուֆենկյան հյուրանոցից սկսած մինչև կառավարական շենքը՝ ամեն մեկը ճարտարապետական հրաշալի գործեր են։ Իսկ Մաշտոցի պուրակի մոտկայքից, Մարգարյան հիվանդանոցից մինչև գլխավոր պողոտա  ընկած հատվածը շատ անհամաչափ է, կառույցները ներդաշնակ չեն։ Այսպիսի դեպքերում ասում ենք, որ ճարտարապետական կակաֆոնիա է։