Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար». համաժողով Երևանում

Պաշտոնական
kgn-2

Երևանում այսօր մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)`  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Հայաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակներ և խոսնակներ: Մինչ համաժողովի մեկնարկը հյուրերը ծանոթացել են ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների աշխատանքների ցուցադրությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը, GIZ կազմակերպությանը և ԿԳ նախարարության աշխատակազմին՝ նման կարևոր և ներկայացուցչական միջազգային համաժողով կազմակերպելու համար:«Շատ տպավորված եմ՝ ներկայացված տաղավարներում ծանոթանալով ուսումնարանների և քոլեջների մեր սաների հրաշալի աշխատանքներին, որը մեզ հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս հասկանալ, թե որքան կարևոր է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը մեր կյանքում: Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կրթության զարգացման ռազմավարությունում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը մեծ և կարևոր դեր ունի, մասնավորապես, այն ընդգրկված է ռազավարական ծրագրային հայեցակարգերում, ինչպես նաև հենակետային ոլորտ է հանդիսանում միջազգային համագործակցության շրջանակներում: Վերջին վեց ամսվա ընթացքում, ինչ նոր կառավարությունը ներկայացված է ԿԳ նախարարությունում, տվյալ ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի և նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի ջանքերի շնորհիվ գործատուների հետ արդեն կնքվել է երկու համաձայնագիր, որը կրելու է շարունակական բնույթ: Գործատուների հետ համագործակցության համատեքստում առանձնակի է նաև դուալ կրթության ներդրումը, որը շատ կարևոր է շրջանավարտների գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման տեսանկյունից: Այսօր մենք դուալ կրթության ներդրման լավ փորձ ունենք, որը ևս շարունակական է լինելու: Ավելին, մենք մտածում ենք ՄԿՈւ այս փորձը ինչ-որ ժամանակ տարածել նաև բարձրագույն կրթության ոլորտի վրա: Համաձայն Հայաստանի աշխատաշուկայի վերաբերյալ վերջերս հրապարակված մի հետազոտության՝ աշխատաշուկայում իրենց տեղը չգտած  շրջանավարտները պահանջվածից առավել կրթություն ունեն, քան ակնկալում են գործատուները: Եվ սա մտահոգիչ փաստ է, հետևաբար մենք կարիք ունենք բարձրացնել ՄԿՈՒ դերը հասարակական ընկալումների մակարդակում, դիմորդներին ուղղորդել դեպի այն մասնագիտությունները, որոնք կարելի է ձեռքբերել նաև ՄԿՈՒ ոլորտում: ԿԳ նախարարությունը կարևորում է նաև ՄԿՈւ զարգացումը՝ ըստ ՀՀ մարզերի զարգացման հնարավորությունների, այսինքն՝ մարզերը տնտեսական զարգացման ինչպիսի պոտենցիալ և ուղղվածություն ունեն, որպեսզի այնտեղ զարգացնենք համապատասխան ՄԿՈՒ հաստատություններ և մասնագիտություններ»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ համաժողավի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝  դուալ ՄԿՈՒ-ն՝ հանուն կանաչ և ներառական տնտեսության, ՄԿՈՒ և թվայնացում, ընդհանրական հմտություններ՝ շարունակական կրթության համար և ձեռնարկատիրական հմտությունների զարգացում: Զուգահեռ նիստերի ժամանակ ներկայացվել են շնորհանդեսներ՝ ՀՀ և միջազգային փորձագետների, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև նոյեմբերի 29-ին: