Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ամենևին բավարարված չենք այս համաներմամբ. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
varujan-nkar

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ծրագրում առանձնացվում է 5 կարևոր դրույթ: Առաջին դրույթը իրավունքի և արդարության մասին է: Կուսակցության առաջին համար Վարուժան Ավետիսյանը համոզված է՝ անցումային արդարադատությունը Հայաստանին անհրաժեշտ է: «Առանց անցումային արդարադատության բացառված է, որ մենք կարողանանք ռեժիմից մնացած կարկառուն ներկայացուցիչների միջոցով ղեկավարվող իրավապահներից ազատվենք»: Կուսակցության ծրագրում նախատեսվում է համաներում: Ըստ Ավետիսյանի՝ այն պետք է լինի լայն համաներում: «Մենք ամենևին բավարարված չենք այս համաներմամբ, այն որոշակիորեն ծաղր էր դատապարտյալների ու նրանց ընտանիքի անդամների և հասարակության նկատմամբ: Այն չտարբերվեց սովետականաշունչ համաներումներից»: Կուսակցության համար անխուսափելի է նաև Սահմանադրության փոփոխությունը, որն էլ իր հերթին կբերի նոր Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին և այլ օրենքների փոփոխությունների: «Դրանք հիմք կդառնան նոր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»: Պետական կառավարում և կադրային քաղաքականություն. կուսակցության հաջորդ դրույթն է: «Մենք կարիք ենք ունենալու լավագույն կադրերի, 300-500 հոգի, որոնց պետք է գտնենք թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում: Լավագույն կադրեր ունենալու համար կդիմենք նաև հասարակական-քաղաքական  կազմակերպություններին՝ լավագույն կադրերին ներգրավելու համար: Չմոռանանք նաև պետական կառավարման համակարգի միջին օղակում գտնվող լավագույն կադրերին, որոնք անտեսված են»: «Սասնա ծռերի»  ծրագրի ամենաընդարձակ կետը սոցիալ-տնտեսական զարգացմանն է վերաբերում: Կուսակցությունը իրատեսական է համարում ազգային ներդրումային հիմնադրամի ստեղծումը: Հարկային ճիշտ  քաղաքականության մշակում ու փոքր ու միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու հարց: Ինչ վերաբերում է պետության  անվտանգությանը, ապա ըստ Ավետիսյանի՝  ԱԱԾ-ն չի կարող լինել Հայաստանի անվտանգության մարմինը: «Այդ ժառանգությունը հարկավոր է ջնջել և մենք պետք է ունենանք անվտանգության ապահովման համար անհրաժեշտ մարմինների ամբողջական դիֆերսիֆիկացված համալիր»: «Մենք չենք ընդունում, որ մեծ շնաձկներին թողած հալածում են փոքր ձկներին»,-նշեց Վարուժան Ավետիսյանը, ավելացնելով որ պետք է ներողամտորեն մոտենալ նաև նախորդ ռեժիմներիի ժամանակ հանցավոր համակարգում աշխատող մարդկանց, քանի որ նրանք  ընկնելով ղեկավարների ազդեցության տակ՝ որոշակի սխալներ են թույլ տվել, սակայն  միայն նրանց պատասխանատվության ենթարկելով երկրում ոչ մի դրական տեղաժարժ չի լինի։ Նա անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը: Հայաստանը պետք է հարաբերություններ ունենա ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի,  հարևաններ՝ Իրանի և Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ: Ըստ Ավետիսյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է հավասարակշռվեն  ու դառնան արժանապատիվ: