Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը պատասխանել է «Երկիր Ծիրանի» կուսակցության հարցաշարին

Քաղաքականություն
erkir-tsirani

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հինգ հարցից կազմված հարցաշար էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին : Սույն թվականի նոյեմբերի 21-ին ստացվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատասխանը վերոնշյալ հարցերին: Սակայն չի տրվել հստակ ու ամբողջական պատասխան 4-րդ հարցին, մասնավորապես, նրանում ներառված հետևյալ շատ կարևոր հարցադրումներին. «...Մինչև Հռոմի այդ հյուրանոց հասնելը՝ Դուք օրինական կարգով քանի՞ անգամ եք հատել ԵՄ երկրների Շենգենյան համաձայնագրի սահմանները: Այդ սահմանները հատելիս՝ երբևէ ունեցե՞լ եք նման խնդիր, եթե ունեցել եք, ապա ինչո՞ւ այդ մասին հանրությանը տեղյակ չեք պահել: Կարո՞ղ եք հրապարակել 2018 թվականի հունվարի 30-ին Ձեզ ձերբակալելու և Ձեր բնակատեղին խուզարկելու վերաբերյալ, Ձեր հիմնավորմամբ, գրավոր ապացույց»: Սույն հարցերին պատասխանելուց խուսափելը հատկանշական է, քանի որ միջազգային հետախուզման մեջ 10 տարի գտնվող անձը այդ տարիների ընթացքում եվրոպական որևէ երկրի սահման հատելու դեպքում պետք է ձերբակալված լիներ, ինչի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ մեր հանրությանը: Դեռ ավելին՝ այդ 10 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է նաև ԱՄՆ-ում, և դարձյալ որևէ տեղեկատվություն հայտնի չէ նրա՝ միջազգային հետախուզման մեջ գտնվելու հիմքով ձերբակալության մասին: Պարոն Փաշինյանը հստակ և ամբողջական չի պատասխանել նաև 5-րդ հարցին, որը վերաբերում էր իր քայլարշավի ընթացքում Սերժ Սարգսյանի մտերիմներին պատկանող լրատվամիջոցների (հատկապես՝ PARA TV լրատվամիջոցի)՝ նրա կողքին շարունակ գտնվելու իրողության պարզաբանմանը: Ըստ էության՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փաստացի խուսափել է նաև այդ հարցին պատասխանելուց: Եվ, վերջապես, 3-րդ հարցի՝  ՀՀ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանապետին «Հաղորդում հանցագործության մասին» (Սերժ Սարգսյանի կողմից կատարված մի շարք հանցագործություններին վերաբերող) կրկին անգամ ներկայացնելու մասին հարցին պարոն Փաշինյանը նորից խուսափել է հստակ պատասխան տրամադրելուց,  դեռ ավելին՝  իր պատասխանում օգտագործել է «հնարավոր հանցագործություններ» եզրույթը: Հանրության համար հրապարակելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատասխանները՝ ստիպված ենք արձանագրել, որ ներկայացված 5 հարցից ամենակարևոր 3-ին տրվել են, ինչպես և սպասելի էր,  անորոշ և խուսափողական պատասխաններ, ինչի վերաբերյալ դատողությունները թողնում ենք մեր հանրությանը: Մեր կողմից հավաստիացնում ենք, որ հետագայում ևս շարունակվելու են ճշմարտությունը վերհանելուն ուղղված մեր գործողությունները, և հարկ եղած դեպքում՝ նաև հրապարակային հարցադրումներ են հնչեցվելու, որոնք կարող են առնչվել ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախկինում ազատազրկված լինելու տարիներին գործող իշխանությունների հետ գործարքի գնալու միջոցով պատժի ժամկետների մեղմացմանը:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն   22 նոյեմբերի  2018    Երևան