Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր Ոսկերչյանին փոխհատուցելու հարցը կքննարկվի  կառավարությունում

Հասարակություն
83ba376e75d7e449814ec4a78cc64509

Կառավարությունը  Արդարադատության նախարարությանը  կհատկացնի 3 000 եվրոյին համարժեք  դրամ` «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի հատուցման համար:  Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիր մարմնի վաղվա նիստի օրակարգում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը,  հոկտեմբերի 18-ին հրապարակել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի»  վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3-րդ կետի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքի խախտում: Գրիգոր Ոսկերչյանը եղել է Աբովյանի նախկին քաղաքապետ:  2008 թվականին նա եղել է Աբովյան քաղաքում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը: Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մասնակցել է Երեւանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից անցկացվող հանրահավաքներին, ապա Մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ մարտի 8-ին, նրան զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել: Հենց նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ոսկերչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում է կայացրել և մերժել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:   Բողոքները մերժվել էին եւ կալանքի ժամկետը պարբերաբար երկարացվել էին: Գրիգոր Ոսկերչյանը  դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման եւ հենց դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվել։ Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանները դիմումատուի շարունակական կալանավորումը հիմնավորել են պարզապես վկայակոչելով ներպետական իրավական կարգավորումները եւ  հղում կատարելով հանցանքի ծանրությանը՝ առանց հաշվի առնելու գործի փաստական հանգամանքները կամ առանց մանրամասնելու, թե ինչու բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դիմաումատուն քրեական վարույթն իրականացնող մարմնից կթաքնվի, գործի քննությանը կխոչընդոտի կամ քրեական օրենքով չթույլատրված արարք կկատարի: Դիմումատուն պահանջել էր  20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, սակայն Եվրոպական դատարանը որոշել էր պահանջը բավարարել է 3 000 եվրոյի չափով։ Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի հունվարի 18-ն է: