Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության օրակարգում չի կարող լինել արտագնա աշխատողների եկամուտները հարկելու հարց

Տնտեսություն
hark

Կառավարության օրակարգում չի կարող լինել արտագնա աշխատողների եկամուտները հարկելու հարց, հավաստիացնում է  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը. «Դրանք ահռելի թվեր են, անցյալ տարի կազմել է 1 մլրդ 765 մլն, ու սրանք միայն պաշտոնական տվյալներն են: Իսկ այս տարվա ինը ամիսների ընթացքում կազմել է 1 մլրդ 279 մլն: Այդ գումարները նպատակային և շատ արդյունավետ օգտագործվում են, այսինքն որևէ հիմնարկ այդ գումարից չի կարող բաժին ունենալ: Դրանք նաև մեր տնտեսության զարգացման վրա էական ազդեցություն ունեն»,-նշեց տնտեսագետը: Նրա խոսքով, եթե կառավարությունը մտածել է, որ սրա միջոցով հարկային եկամուտները ավելանալու են, ապա ինքն այդ կարծիքին չէ: Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մեր հնարավորությունները օգտագործվեն մեր երկրում, ոչ թե դրսում: «Պետք է սրա մասին մոռանալ և շատ շնորհակալ լինել այն մարդկանց, որոնք դրսում աշխատում և այդ գումարները ուղարկում են: Պետք է միայն մտածել այն մասին, թե ի՞նչ անել, որ Հայաստանում ապրողները այդ գումարների կարիքը չունենան»: Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն էլ բացատրեց, որ ըստ սահմանադրության՝ եթե հայաստանցիները գնում են Ռուսաստանում մինչև 180 օր աշխատում, ապա իրենք պետք է հայտարարագրվեն և համապատասխան եկամտային հարկով հարկվեն: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի պնդմամբ էլ, եթե ՊԵԿ-ն ընդամենը նման մտադրություն ունի, ապա նախկին իշխանությունները, ի դեմս Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության նման օրենքի նախագիծ են ունեցել, բայց այն չի ընդունվել: «Ըստ այդ նախագծի, Ռուսաստանում որպես ռեզիդենտ գործակալ գրանցված շինարարական ընկերությունները պետք է կազմակերպեին աշխատուժի արտահանում Ռուսաստան և հնարավորություն տրվեր Հայաստանում վճարել եկամտահարկը՝ 13, իսկ շահութահարկը 5%»: Ըստ մասնագետի ՝այն շահավետ նախագիծ էր, բայց Ռուսաստանին ոչ ձեռնտու: Ատոմ Մարգարյանը հավելեց, որ նախ պետք էր նախագիծ մշակել, հետո նոր ներկայացնել հանրությանը: Եվ ոչ թե ասել՝ դա ընդամենը գաղափար էր, որովհետև մի քանի ժամվա ընթացքում լուրջ քննադատության արժանացավ: