Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները հայտնաբերել են առանձնատներից գողություններ կատարած անձանց

Պաշտոնական
46277212_191865865031909_1412628436010139648_n

Նոյեմբերի 16-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները, Ձորաղբյուր գյուղի ամառանոցային 50-րդ թաղամասում շրջագայություն կատարելիս, առանձնատներից մեկի մոտ կասկածելի ավտոմեքենա են նկատել: Քիչ անց, առանձնատան բակից մեքենային են մոտեցել երկու հոգի, որոնց ձեռքին պարկեր էին: Ոստիկաններին նկատելով՝ անհայտ անձինք դիմել են փախուստի: Ոստիկանները հետապնդել են, և Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում հաջողվել է բռնել նրանցից մեկին: Քաղաքացին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Պարզվել է նրա ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Ա.-ն էր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներով պարզվել է նաև, որ փախուստի դիմած մյուս անձը՝ նույնպես երևանցի, 33-ամյա Սինան Չ.-ն է: Նա բնակության վայրում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն: Պարզվել է, որ Հովհաննես Ա.-ն ու Սինան Չ.-ն Ձորաղբյուր էին եկել գողություն կատարելու նպատակով:  Քննության ընթացքում պարզված նախնական տվյալներով՝ նախկինում էլ զույգը գողություններ է կատարել, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Բացի Ձորաղբյուր գյուղի առանձնատներից, գողություններ են արել նաև Պտղնի և Նուռնուս գյուղերում: Նրանց բնակության վայրերի խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ թվով գողացված իրեր: Հովհաննես Ա.-ն և Սինան Չ.-ն ձերբակալվել են: Քննությունը շարունակվում է: