Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսին պե՞տք է պաշտպանել հայ ազգից (տեսանյութ)

Քաղաքականություն
00000

Ազգային Ժողովի նիստն այսօր էլ ուշացումով սկսվեց՝ այս քառօրյայի համար խրոնիկ դարձած պատճառով։ Անհրաժեշտ քանակությամբ պատգամավորներ չէին գրանցվել։ Քվորումն ապահովվեց, երբ նիստերի դահլիճ մտավ Գալուստ Սահակյանը։ Արա Բաբլոյանն արձագանքեց. «Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ միօր կմտնեմ ԱԺ,կուրախանաք։ Տեսա՞ք»։ Այսօրվա նիստը երեկ քննարկված օրինագծերն ընդունելու նպատակով էր, սակայն՝ վերածվեց օրինագծերը մերժելու արարողության։ Ի դեպ, մի շարք նախագծեր չընդունվեցին, քանի որ չէր քվեարկում դահլիճում նստած նույն Գալուստ Սահակյանը։ Ի թիվս այլ հարցերի՝ մերժվեցին նաև հանրային լուրջ կարևորություն ներկայացնոց մի քանի օրինագծեր։ Այսպես օրինակ, անհրաժեշտ քանակությամբ ձայներ չստացավ վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդը սահմանափակող օրինագիծը։ Սամվել Ֆարմանյանի հեղինակած նախագծին՝ Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների գործունեությունն արգելելու մասին, նույն ճակատագիրն էր սպառնում։ «Ելք»-ն ու «Ծառուկյանը»հայտարարեցին, որ քվեարկությանը չեն մասնակցելու։ Վարման կարգով ձայն խնդրեց Սամվել Ֆարմանյանը։ Նա, գիտակցելով, որ իր հեղինակած փաստաթուղթը չունի քաղաքական աջակցություն, այն հանեց օրակարգից։                                 Կրքերը հատկապես թեժացան Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն տալու մասին օրինագծի քվեարկության ժամանակ։ Այս մի փաստաթուղթն էլ արժանացավ նախորդների ճակատագրին՝  բավարար ձայներ չստացավ։ «Ելք»խմբակցության նախագահ Լենա Նազարյանն իրենց վերաբերմունքը հիմնավորեց վարչապետի հավաստիացմամբ, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը վեհափառի անվտանգությունը երաշխավորելու հատուկ միջոցներ կհատկացնի։ Առավել սուր էր Նազարյանի թիմակից Ալեն Սիմոնյանի ելույթը. «Մնացել էր կաթողիկոսին պաշտպանեինք հայ ազգից»։ Սա արդեն հունից հանեց հանրապետական պատգամավորներին, որ իրար հերթ չտալով՝ անցան ընդդիմախոսների հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն։    Հերթական քառօրյան ավարտվեց հիշեցմամբ, որ նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ է գումարվելու՝ 2019-ի Բյուջեն ընդունելու նպատակով։ Պատգամավորները կփորձեն ևս մեկ արտահերթի ստորագրահավաք կազմակերպել՝ ավարտին հասցնելու համար առաջին ընթերցմամբ ընդունված առավել հնչեղություն ներկայացնող  օրինագծերը։