Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊԵԿ-ի հրապարակումը վտանգել է ռուսական խոշոր բանկից վարկ վերցնելու գործընթացը» (տեսանյութ)

Տնտեսություն
pek-2

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում   բացահայտվածին  քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտություն է առաջացել: Ասում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝  ամփոփելով այնտեղ իրականացված պլանային ստուգումները.«Քրեական գործ հարուցվելը դատավճիռ չէ: Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ: Քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում»:  Արդյո՞ք հայտնաբերված խախտումները առնչություն ունեն գազի սակագնի հետ:   «Եկեք ասենք՝ կարող են առնչվել: Բայց եկեք այդպիսի շեշտադրում այս պահին չանենք, որովհետեւ նպատակադրումներ այս պահին չկան»,-ասաց Դավիթ Անանյանը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ   գլխավոր տնօրեն  Հրանտ Թադեւոսյանը  անհիմն է համարում չարաշահումների հայտնաբերման մասին Պետական եկամուտների կոմիտեի հայտարարությունը: Համաձայն դրա՝  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները: Նա պնդում է , որ ՊԵԿ-ի հրապարակումը վտանգել է ռուսական խոշոր բանկից վարկ վերցնելու գործընթացը։  Ըստ նրա՝ այս օրերին պետք է պայմանագիր կնքեինք խոշոր ռուսական բանկի հետ՝ 6,5 տոկոսով` մոտ 150 մլն դոլարի վարկ վերցնելու պայմանով. «Ակնկալում էինք տնտեսել տարեկան 2-4 մլն դոլար, սակայն ՊԵԿ հայտարարությունից հետո, որը նաև տարածվել է ռուսական մամուլում, մենք ստացանք լուրջ անհանգստություն, ահազանգ այդ բանկից, որի հետ ավարտում էինք բանակցությունները: Գործարքի իրականացումը դրվում է լուրջ կասկածի տակ»:  Հիշեցնենք, որ  ՊԵԿ քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թույլ տված չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու, ինչպես նաև, բնական գազի սպառման ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու ուղղությամբ: