Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակամանրէային միջոցների կայունության դեմ պայքարի ու դրա մասին իրազեկման շաբաթ

Պաշտոնական
1-12

2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը: Խնդրի կարևորությունը յուրաքանչյուրին և ամենուրեք հասցնելու ակնկալիքով էլ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ, նոյեմբերի 12-ից հանրապետության ողջ տարածքում անցկացնում է սեմինարների ու հանդիպումների շարք անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ: Քարոզարշավի նպատակն է բացատրել, որ ամենապարզ գործողությունները կարող են հանգեցնել ցանկալի արդյունքների՝ բացառելով կամ նվազագույնի հասցնելով հակամանրէային միջոցներների օգտագործումը: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է,  քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժման, այլև կենդանու աճը խթանելու նպատակներով: Արդյունքում  դեղակայուն մանրէները, սննդային շղթայի միջոցով, կարող են կենդանիներից անցնել մարդուն: 2018թ. հոկտեմբերին Եվրախորհրդարանն ընդունել է նոր օրենք, որն արգելում է կենդանիների աճը խթանելու համար հակաբիոտիկների օգտագործումը: Ավելին, մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հակաբիոտիկներ արգելվում է օգտագործել անասնաբուծությունում: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ,  մինչև 2050 թվականին աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար: Հիվանդությունների կանխարգելումն, ըստ էության, ավելի հեշտ է ու էժան, քան դրանց բուժումը: Այս մոտեցման վրա է կառուցված թե կենդանիների, թե մարդկանց առողջության պահպանման համակարգն ամբողջ աշխարհում:   Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն