Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են

Սպորտ Պաշտոնական
gabriel

«Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամ Սերգեյ Բոնդարենկոն և լեգենդար Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով: Մեդալներն այսօր հանդիսավոր պայմաններում ֆուտբոլիստներին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է ֆուտբոլիստներին, մաղթել նրանց առողջություն, երկար տարիների կյանք և ընդգծել, որ ֆուտբոլասերների մի քանի սերունդ պարծեցել և հպարտացել է «Արարատ-73»-ի ձեռքբերումներով: «Մինչև այսօր էլ «Արարատ-73» ֆուտբոլային թիմը մնացել է անգերազանցելի: Լիահույս եմ, որ այսօրվա հայկական ֆուտբոլում նույնպես կլինեն թիմեր, որոնք կկարողանան պատվով կրել ձեզանից ստացած ժառանգությունը»,- ասել է Գ. Ղազարյանը: Հանդիպումն անցել է բարի ու անկաշկանդ մթնոլորտում: Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը բազմաթիվ հետաքրքիր հիշողություններ են պատմել իրենց մարզական կայնքից: Նրանք շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: Նշենք, որ նախարարի համապատասխան հրամաններով ֆուտբոլիստներին շնորհվել են հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, մարզական փայլուն նվաճումների և Սերգեյ Բոնդարենկոյի ծննդյան 70 ու Սարգիս Հովիվյանի ծննդյան 80-ամյակների կապակցությամբ: