Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամները դեմ չեն համաներման կիրառմանը

Հասարակություն

«Սասնա ծռեր 1» խմբի  անդամները դեմ չեն, որ իրենց նկատմամբ համաներում կիրառվի։ Բայց միաժամանակ ներկայացնում են իրենց դիրքորոշումները։  «Մենք ապստամբներ ենք եւ իրավունք չենք խախտել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։   Իսկ Մխիթար Ավետիսյանն  էլ ավելացրեց, որ շատ շուտով բոլոր Ծռերը արդարացվելու են։    Համաներման ակտը չի տարածվելու միայն սպանությունների մեջ մեղադրվողների վրա։  Ոստիկանների սպանությունների մեջ մեղադրվում են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը։ Արմեն Բիլյանը հայտարարեց, թե չգիտի ով է այդ հոդվածը իր վրա դրել, իսկ Սմբատ Բարսեղյանն էլ ավելացրեց, որ համաներում չի կարող ակնկալել մի մարդուց, ով նախկին իշխանության հայտնի դեմքերից մեկին՝ Ֆելիքս Ցոլակյանին,  նշանակել ԱԻ նախարար։ Նա այնուամենայնիվ չառարկեց, որ համաներումը կիրառվի։  Այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաեւ կյանքից անժամանակ հեռացած Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը։ Նա նշեց, որ այսօր խոսում է Արայիկ Խանդոյանի անունից եւ պայքարելու է, որպեսզի բոլորն արդարացվեն։ «Հերոս Արայիկ Խանդոյանը դրոշակը միշտ բարձր է պահել, իսկ ես պայքարելու եմ, որ դրոշակն ավելի բարձր պահվի»,- ասաց Անուշ Հայրապետյանը։   Թեեւ «Սասնա ծռեր»-ի անդամները դեմ չէին համաներման կիրառմանը, սակայն  միայն պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած անձանց կարծիքը լսելուց հետո պարզ կդառնա կկիրառվի համաներումը, թե՝ ոչ։   Եթե տուժողները առարկեն, համաներումը չի կիրառվի։     Դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 28-ին, դատարանը կլսի տուժողների կարծիքը։