Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերի 14-ը դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է

Պաշտոնական
shaqar

Նոյեմբերի 14-ը դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ցավոք դիաբետով հիվանդացությունը ամբողջ աշխարհում տարեցտարի աճում է։ Դրան զուգընթաց զարգանում է գիտությունը, ընթացքի մեջ են շատ հուսադրող կլինիկական հետազոտություններ ուղղված դիաբետի վերջնական բուժմանը։ Միաժամանակ նոր տեխնոլոգիաների կիրառումը բարելավում է պացիենտների կյանքի որակը և գլիկեմիայի հսկողությունը։ ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայում իրականացվում է շաքարային դիաբետով հիվանդների հետազոտում և բուժում ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում։ Հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի փոխանցմամբ՝ տարեկան ստացիոնար պայմաններում բուժվում են շաքարային դիաբետ ունեցող շուրջ 400 մեծահասակ։ Ինչպես նաև կլինիկային կից գործող մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերում ներկա պահին բուժվում և հսկվում են շուրջ 530 առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաներ։ Կլինիկայի բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի և ՌԴ էնդոկրինոլոգիական կենտրոններում և տիրապետում են արդի դիաբետոլոգիայի բոլոր մոտեցումներին՝ ներառյալ նորագույն ինսուլինները, գլյուկոզայի շարունակական մոնիթորինգը, պոմպային ինսուլինոթերապիան։ 2009 թվականից առ այսօր պացիենտների համար գործում է «Դիաբետի դպրոց» դասընթացը, քանզի դիաբետի կառավարումը սկսում է պացիենտի կրթումից։ Դիաբետը վերահսկելի է, եկեք միասին պայքարենք հիվանդության դեմ։