Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր բժիշկն անձամբ վիրակապեց Վեհափառի ոտքը

Հասարակություն
1-18

Վեհափառը դուրս եկավ վիրակապարանից՝ առաջին օգնություն էր ստացել: Մինչև հիմա ականջներիս մեջ հնչում են նրա խոսքերը՝ թող այդ երեխաները ինչքան ցավ ունեն՝ ինձ անցնի: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով: «AID Armenia» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ 1990 թվականին Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր) սկսվել էր «Սուրբ Նարեկ» հիվանդանոցի կառուցումը: Երկրաշարժից հետո այս առողջապահական հաստատությունը շահագործման հանձնված առաջին կառույցներից մեկն էր: Հատկանշական է, որ հիվանդանոցի հիմքերը իրականացրել է Շինարարության նախարարությունը: Եվ ոչ միայն հիմքերը՝ հետագայում արդեն ճաշարանը, ջրամատակարարման պոմպակայանը, արտաքին ինժեներական ցանցերը, այլ ենթակառուցվածքները իրականացվել էին պետբյուջեի միջոցներով: Աշխատել էին Կիրովականի շինարարները՝ հիմնականում «Կիրշինտրեստի» տարբեր ստորաբաժանումները: Հետո արդեն շինարարության մրցույթը շահել և շինարարությունն իրականացրել էր ավստրիական շինարարական կազմակերպությունը: 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, Կիրովական աշխատանքային հերթական այցի եկան ՀՀ պետական նախարար Ռուբեն Չիֆթալարյանն ու Շինարարության փոխնախարար Վլամիդիր Սարդարյանը: Ավստրիացի շինարարները գրեթե ավարտել էին հիվանդանոցի մասնաշենքը: Չիֆթալարյանը՝ ձյունով լցված փոսը մատնացույց անելով՝ ասաց. «Ապրիլի 10-ին այստեղ պետք է արդեն ավարտված լինի ճաշարանի կառուցումը: Այդ ժամանակ ես Կիրովականի քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալն էի՝ քաղաքաշինության հարցերով: Թե ինչպես հասցրեցինք, ինչ ուժեր ներդրեցինք՝ միայն մեզ է հայտնի: 1992 թվականի ապրիլի 25-ին «Սուրբ Նարեկ» հիվանդանոցը շահագործման հանձնվեց: Բացմանը ներկա էին Վազգեն Առաջին կաթողիկոսը, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը (այսօրվա ՀՀ նախագահը), Շինարարության փոխնախարար Վլամիդիր Սարդարյանը, Անգլիական եկեղեցու առաջնորդ Լորդ Ռանսին, կառույցի նախագծի հեղինակ, լոնդոնաբնակ Վահե Գյուլվանեսյանը, Կիրովական քաղաքի ղեկավար անձինք, ուրիշներ: Դժվարանում եմ ասել՝ մարդկանց հոսքի պատճառով, թե ուղեկցողի անզգուշության՝ Վեհափառը աստիճանների մոտ սայթաքեց և վնասվածք ստացավ: Հիվանդանոցի գլխավոր բժիշկն անմիջապես նրան ուղեկցեց վիրակապարան և անձամբ վիրակապեց ոտքը: Քիչ հետո մոտեցա և օրհնություն ստանալուց հետո ասացի. «Վեհափառ, շատ ափսոսում եմ, որ նման դեպք եղավ: Դուք այսօր ակամա դարձաք այս մանկական հիվանդանոցի առաջին հաճախորդը՝ գուցե սա խորհրդանշական է, կարծես հետագայում այստեղ բուժվող երեխաների հիվանդության մի մասը վերցրիք ձեզ վրա»: Վազգեն Առաջինը շրջվեց, ձեռքը դրեց գլխիս ու ասաց. «Զավա՛կս, հոյակապ բառեր ասացիր: Թող այդ երեխաները ինչքան ցավ ունեն՝ անցնի ինձ: Եվ այս ազգը՝ ինչքան ցավ ունի, թող ինձ անցնի»: Հետագայում հարյուրավոր փոքրիկներ են բուժվել այս հիվանդանոցում և ես մշտապես հիշել եմ Վեհափառի խոսքերը: Ներկայում բժշկական հաստատության մանկական ծառայությունը տեղափոխվել է Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոն, որի գլխավոր մասնաշենքն իրականացրել է Քաղաքաշինության կոմիտեն` պետական բյուջեի միջոցների հաշվին, ծննդատան մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով:   Լևոն Ասլանյան Լոռու մարզպետի խորհրդական