Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԼՄ ղեկավարներ եւ լրագրողներ դիմել են Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն
nikol-14

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ  ՊԱՏՃԵՆՆԵՐԸ՝ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ, ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ  ՀՀ ՀՔԾ ՊԵՏ ՊԱՐՈՆ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ  Հարգելի պարոն Փաշինյան,   Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ՝ մեկ անձի ցուցմունքով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ համապետական սփռում ունեցող խոշորագույն հեռուստաալիքի տնօրեն է կալանավորվում, այն էլ հետհեղափոխական Հայաստանում մամուլի աննախադեպ ազատության մասին Ձեր կողմից արված հայտարարությունների ֆոնին, այն էլ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին: Այս ընթացքում Սամվել Մայրապետյանի փաստաբանները բոլոր հնարավոր ատյաններին դիմել են խափանման միջոցը փոխելու միջնորդություններով, սակայն դրանք մերժվել են: Մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ և մտավորականներ ևս միջնորդել են ՀՀ Գլխավոր Դատախազին իրենց անձնական երաշխավորությունների հիմքով Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու խնդրանքով: Այս ջանքերը ևս հաջողությամբ չեն պսակվել, չնայած այն հայտնի փաստին, որ Սամվել Մայրապետյանն ունի նաև առողջական լուրջ խնդիր: Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով, հարազատների հետ նրա տեսակցություններն արգելելով, անձնական և գույքային հաշիվները կալանքի տակ առնելով՝ ցուցմունք կորզելու փորձ է արվում: Մենք Սամվել Մայրապետյանին ճանաչում ենք երկար տարիներ և բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ նա պարտաճանաչ, օրինապահ, բծախնդիր և սկզբունքային անձնավորություն է: Հետևաբար` վստահ ենք, որ խափանման միջոցի փոփոխության պարագայում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի թաքնվի և որևէ կերպ չի խոչընդոտի նախաքննությանը: Հարգանքով՝  

  1. Արա Թադեւոսյան, «Մեդիամաքս» մեդիա-ընկերության տնօրեն
  2. Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական, քաղաքական ծրագրերի տնօրեն
  3. Մերուժան Սարգսյան, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն
  4. Արթուր Եզեկյան, «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն
  5. Արմեն Արզումանյան, «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն
  6. Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
  7. Հակոբ Ավետիքյան, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր
  8. Սաթիկ Սեյրանյան, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
  9. Արմենիկա Կիվիրյան, News.am կայքի գլխավոր խմբագիր
  10. Ավետ Դեմուրյան, Assosiated Press գործակալության հայաստանյան թղթակից
  11. Աշոտ Գազազյան, Deutsche Welle մեդիաընկերության հայաստանյան թղթակից
  Սույն բաց նամակին կարող են միանալ այլ ԶԼՄ ղեկավարներ եւ անհատ լրագրողներ: