Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաշինյանը նզովքի կենթարկվի, եթե մարդկանց հույսերը գահավիժեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

Հանրապետական կուսակցության գոյությունը մյուս ԱԺ-ում պետք է մեր քաղաքական համակարգին: Անհամեստություն չհամարելով՝ հայտարարում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Իշխանությունը պարզ է՝ ով է լինելու, բայց պետք է հասկանալ ինչպիսի կառուցվածք է ունենալու ընդդիմությունը, ինչպիսի կարողություններ, ունակություններ, գիտելիքներ է ունենալու ընդդիմությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արմեն Աշոտյանը: Հայաստանում բացարձակ իշխանություն ունենալը մեծ վտանգներ է իր մեջ պարունակելու: Վստահ է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ, սա ասում եմ, ոչ թե որպես քաղաքական մեղադրանք, սա ասում եմ՝ ելնելով նախ և առաջ այն հանգամանքից, որ դրանում շահագրգռված պետք է լինեն բոլոր այն մարդիկ «Իմ քայլը» դաշինքում, որոնք իրոք հավատում են, որ այս իշխանափոխությունը ժողովրդավարության համար էր»: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ  ժողովրդավարության համար իշխանափոխություն արած մարդիկ պարտավոր են հանրապետականների համար   ստեղծել լավագույն հավասար պայմանները քարոզչության համար: Պնդում է Աշոտյանը: Հանրապետականներն, ըստ Աշոտյանի, շահագրգիռ են, որպեսզի  դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները շատ լավ որակի լինեն : Իսկ եթե ընտրությունների վրա ստվեր գցեն, ապա դա անելու է միայն կառավարությունը: Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ գործարարների հետ հանդիպմանն արած հայտարարությանը, Աշոտյանը նշեց, որ Փաշինյանը գուցե նոր է հասկացել, թե ինչ գործի է անցել. «Էդ դեպքում վատ է, որ ինը ամիս խաբել է, մոլորեցրել է բոլորին, հետո եկել է ու նոր սկսել է սովորել: Դու չես կարող հավակնել մի պաշտոնի,  եթե տեսականորեն այդ գիտելիքները չունես: Ապրի ինքը, եթե կարողացել է մարդկանց մեջ հույս արթնացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն»:  Երեկ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ ընտրված Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, քանի որ դա մեր պետության համար կարևորագույն իրադարձություն է: