Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին

Պաշտոնական Հասարակություն
Hayko-1

Անցկացվել է Երևանի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին  հանձնարարել է քաղաքացիներին մեկ անգամ ևս իրազեկել օրենքի պահանջի մասին՝ հետագա տույժերից ու տուգանքներից խուսափելու  համար: Հիշեցնենք, որ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ: ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչությանն էլ  առաջարկվել է ուժեղացնել հսկողությունը տեխզննման ժամկետանց կտրոնների նկատմամբ: Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ քաղաքապետը  վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ   հսկողության տակ պահել բնակելի շենքերի աղբամուղերի մաքրումն ու ախտահանումը: Խորհրդակցության ավարտին  աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը,  վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հնաձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել  մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման ուղղությամբ՝ համաձայնեցնելով քաղաքի գլխավոր դիզայների հետ: Աշխատակազմի  կազմակերպական  վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին   էլ հանձնարարվել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ  արտահերթ ընտրություններին, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: Մինչ աշխատանքային խորհրդակցության հիմնական թեմաներին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված  հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: «Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները  չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց  գործունեությունն ապօրինի է, եղել է անգամ քանդման որոշում: Ու չնայած այս ամենին`  շարունակել են շինարարությունը՝ ամեն օր խախտելով օրենքը, անտեսելով պետության և հանրության պահանջը: Նման դեպքեր այլևս չեն լինելու», - նշել է Հայկ Մարությանը: Ի դեպ, շինարարությունն իրականացնող Դավիթ Ահարոնյանը շարունակում է պնդել, որ ապամոնտաժումն է եղել ապօրինի։ Նրա խոսքերով՝ քանդվել է շինարարության հենց այն հատվածը, որ իր սեփական հողատարածքի վրա էր։ Ինչ վերաբերում է վարձակալած տարածքին, ապա, ըստ Ահարոնյանի՝ ինքը կատարել է մինչև 2023 թվականի համար սահմանված վճարները։