Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կայացել է «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում» համաժողովը

Պաշտոնական
hamajoxov

       ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում» տեղական ժողովրդավարության համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, Խարկովի տարածքային խորհրդի նախագահ Սերգեյ Չերնովը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, համայնքների ասոցիացիաների, կառավարության և խորհրդարանի, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործակալությունների ներկայացուցիչներ, ազգային և միջազգային փորձագետներ   Վաչե Տերտերյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ միջոցառման բովանդակությունն ու թեմատիկան հիանալի խթան են հանդիսանում տեղական և տարածաշրջանային կայուն զարգացման, տնտեսական ենթակառուցվածքների հզորացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ համագործակցված աշխատանքներ տանելու համար։ Փոխնախարարն անդրադարձել է նաև վերջին երկու տասնամյակի ընթացքում համաշխարհային տնտեսական աճի տեմպերին և աղքատության նվազման դրական միտումներին և ,այդուհանդերձ, նկատել, որ տարբեր վարչատարածքային միավորումների միջև առկա անհավասարության և անհամաչափության հաղթահարումը շարունակում է մնալ օրակարգային հարց։ «Մեր տարածքային զարգացման ռազմավարությունն օրգանապես և ամբողջովին նույնականացվում է մեր երկրի զարգացման ռազմավարության, ՄԱԿ-ի հռչակած նպատակների հետ»,- ամփոփել է Վաչե Տերտերյանը ու համոզմունք հայտնել, որ համաժողովի ընթացքում ծավալված արդյունավետ աշխատանքային քննարկումները ուղենիշային կլինեն ոլորտի զարգացման գործում։ Նատալիա Վուտովան Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և իր անունից ողջունել է համաժողովի մասնակիցներին և ընդգծել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարացման նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից 2017 թվականից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած այս միջոցառումը հիանալի հարթակ է համայնքային նշանակության հարցերը քննարկելու և առկա խնդիրների վերաբերյալ լուծման եղանակներ գտնելու ուղղությամբ։ Խոսելով ՏԻՄ-երի ինքնուրույնության բարձրացման, տեղերում ժողովրդավարության խորացման և տեղական կայուն զարգացման տեսլականների մասին՝ Նատալիա Վուտովան կարևոր է համարել միջազգային քաղաքականությունների և ռազմավարությունների տեղայնացումն ու տեղական մակարդակում անդրսահմանային համագործակցության միջոցով համատեղ ծրագրերի մշակումն ու ենթակառուցվածքների զարգացումը։ Համաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումներ են կազմակերպվել տեղական, տարածքային, ազգային և միջազգային քաղաքականություններում սիներգիայի ձևավորման, տնտեսական զարգացմանն ուղղված տեղական նախաձեռնությունների հաջողված օրինակների վերաբերյալ։  Հիշեցնենք, որ համաժողովը կազմակերպվել է ՀՀ ՏԿԶ նախարարության, ՀՀՄ-ի, Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների կոնֆերանսի, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով։ Համաժողովը համաֆինանսավորվել է Շվեյցարիայի զարգացման գործակալության, Կոնգրեսի և Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների կոնֆերանսի կողմից։