Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտայքի մարզում մենք կարծրատիպեր կոտրող արդյունքներ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան

Հարցազրույց Քաղաքականություն
kotayqi-marzpe-1t

Հարցազրույց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ  - Պարո՛ն Պետրոսյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մասնակցելո՞ւ եք ՔՊ ռեյտինգային ցուցակով։ Արդեն հաստավա՞ծ, որոշվա՞ծ է։ - Որոշումը դեռ վերջնական չունենք։ Դեռևս կուսակցության վարչության մակարդակով քննարկումներ ենք անում վերջնական ցանկերը հստակեցնելու, համամասնական ցուցակը, ռեյտինգային թեկնածուների բաշխվածությունը հաստատելու։ Բայց հստակ է, որ այո՛, Կոտայքի մարզում թիվ 10 ընտրատարածքում ես առաջադրվելու եմ  ռեյտինգային ընտրակարգով։ -Իսկ Սասուն Միքայելյանը առաջադրվելո՞ւ է։ Սասուն Միքայելյանը դարձյալ Կոտայքի մարզի քաղաքական, այսպես ասած, ծանրքաշայիններից է, բնականաբար կլինի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված։ -Կուսակցության մարզային պատասխանատուն Դո՞ւք եք լինելու, թե՞ պարոն Միքայելյանը։ -Կուսակցության մարզային պատասխանատուի ինստիտուտ որպես այդպիսին, կանոնադրությամբ սահմանված չէ։ Այս պահին մեր տարածքային միավորները, տարածքային կառույցները լուծարված են, որովհետև կանոնադրությամբ իրենց գործունեությունը սահմանված է 1 տարի, և նախկին կազմավորումից, անդամական ժողովներից 1 տարուց ավելի ժամանակ է անցել,  և իրավական առումով կառուցվածքային հիմնական կառավարման միավորը՝ կուսակցության վարչությունը, կուսացության անդամների շրջանում նշանակում է ընթացիկ քաղաքական պրոցեսներին համահունչ որոշակի անհատների, անձերի, պատասխանատուների շտաբի աշխատանքներում, կազմակերպչական մարմիններում և այլն։ Մարզային պատասխանատուի ինստիտուտ չունենք։ Ունենք աշխատանքները կոորդինացնող և արդեն նոր-նոր սկսել ենք ձևավորել նախընտրական, կենտրոնական շտաբը, որը կղեկավարի Սուրեն Պապիկյանը։ -Իսկ կոտայքի ռեյտինգայինով բացի Ձեզանից և Սասուն Միքայելյանից էլ ովքե՞ր կառաջադրվեն։ -Բնականաբար մարզի ռեյտինգային թեկնածուների ցուցակում նվազագույնը օրենքով սահմանված է 5 թեկանծու, մենք 5-ից ավելի կունենաք։ Բայց դեռևս չեմ կարող հրապարակել, քանի որ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, դեռ քննարկման փուլում է։ 1-2 օրվա ընթացքում արդեն կհստակեցվի։ -Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը  նշել էր, որ ՔՊ-ն մարզերում թեկնածու առաջադրելու խնդիրներ ունի: Ի՞նչ կասեք այս։ -Չկա այդպիսի խնդիր։ Ասեմ ավելին, մեր կոնտինգենտը, մեր կուսակցական ակտիվը շատ ավելին է, շատ ավելի թեկնածուներ ունենք, քան սահմանված է օրենքով և քան անհրաժեշտ է առաջադրումների նվազագույն շեմը ապահովելու համար։ Մենք նույնիսկ այս փուլում որոշակի աշխատանքային քննարկումներ ենք անում, հանդիպումներ ենք ունենում մեր թեկնածուների հետ, որպեսզի լավագույններին ներգրավենք մեր ընտրացուցակում և լավագույններին առաջադրենք նաև ռեյտինգային ընտրակարգով։ Այնպես որ, քաղտեխնոլոգի առաջ բերած թեզը չի համապատասխանում իրականությանը։ -Որոշ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ նշում են, որ էյֆորիայի մեջ է ժողովուրդը, դրա շնորհիվ է, որ ընդունում է իշխանությանը։ Ի՞նչ մթնոլորտ է տիրում մարզում, բնակչությունը ուղղակի էյֆորիայի ներքո՞ է գնալու ընտրության, թե՞ խոհեմ մտածելակերպով է մասնակցելու ընտրություններին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր քվեի արժեքը։ -Որ հետհեղափոխական կարճ շրջանում էյֆորիա կարող է լինել, և լրացուցիչ հուզականության, լրացուցիչ ակնկալիքների կարող ենք ականատես լինել, դա փաստ է։ Բայց շուրջ 6 ամիս է անցել արդեն նոր իշխանության պաշտանավարումից, մարզպետների պաշտոնավարումից, նշանակումից ի վեր, և էյֆորիայի մասին խոսելն ավելորդ է այդ դեպքում։ Իսկ ժողովրդի ոգևորությունը գալիս է նրանից, որ մեր նորաշանակ պաշտոնյաները ձեռքերը «քշտած» ամբողջ օրը մարզերում են, համայնքներում են, ժողովրդի մեջ են, դպրոցներում են, բուժհիմնարկներում են։ Ժողովուրդը տեսնում է մեր հասանելիության աստիճանը, տեսնում է մեր շիտակությունը, մեր ազնվությունը, մեր պարկեշտությունը, տեսնում է բոլոր հարցերի մեջ ձեռնամուխ լինելու մեր մղումը, տեսնում է բոլոր հարցերին մեր հետևողական մոտեցումը։ Ինչպե՞ս կարող է չոգևորվել, երբ տասնամյակներով տեսել է մեքենաների, անվտանգության աշխատակիցների շարասյուններ պետական պաշտոնյաների հետևից, իսկ այսօր տեսնում է համեստ, երիտասարդ գործիչներ, ովքեր որ բարձր պաշտոն են զբաղեցնում, բայց իրենց ժուժկալ կենցաղով և համեստ վարքով, իրենց պարկեշտ նիստուկացով չեն տարբերվում միջին վիճակագրական քաղաքացուց։ Ինչը շատ նորմալ է, ինչը շատ տիպիկ է առաջադեմ հասարակությանը, և այդ մտայնությամբ իսկ նորմալ է, որ ժողովուրդը ոգևորություն ապրի։  -Ձեր կուսակից ընկեր Լենա Նազարյանը, նշել էր, որ մարզերում հեղինակություն ունեցող անձինք ՀՀԿ-ին աջակցում էին, որովհետև չէին տեսնում ռեալ մրցակից, վարչական ռեսուրսների չարաշահում էր տեղի ունենում։Նրանք հիմնականում գործարարներ էին, ովքեր ՀՀԿ-ի միջոցով պաշտպանություն էին փնտրում։ Համակարծի՞ք եք։ -Իհարկե: Եվ հիմա, այս փուլում նաև աշխատում ենք այդ ուղղությամբ, որ ունենանք մի Ազգային ժողով, որտեղ կբացառվի բիզնեսի սերտաճումը քաղաքականությանը։ Կբացառենք պետական կառավարման լծակների չարաշահումը, որին և միտված է մեր ռեյտինգային ցուցակի մանրազննին ընտրությունը։ -Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝  իշխանության ռեալ լծակներ ունեցած և հիմա ունեցող ուժերը «Իմ Քայլը» և Հանրապետականն են: Ըստ Ձեզ այդ լծակներն ի՞նչ ազդեցություն կունենան ընտրություններում, բնակչությանն ընտրություններին ներգրավելու, մղելու հարցում։ -Ուրեմն լծակների, որպես այդպիսին, մենք տիրապետում ենք մեր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում՝ Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին համապատասխան։ Մեր ընկալած լծակներն ու ՀՀԿ-ի օգտագործած լծակները տարբեր բաներ են։ Մեր ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսների ընկալումն ու Հանրապետականի վարչական ռեսուրսների ընկալումը տարբեր է։ Եվ ես այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ։ Բացառում եմ իմ կողմից և իմ թիմակիցների կողմից նույնպես ընդհանրապես որևէ վարչական ռեսուրսի չարաշահում կամ առհասարակ կիրառում ընտրական գործընթացներում։ Եթե մենք ինքներս պայքարել ենք դրա դեմ, ինքներս մեր ողջ քաղաքական, ընդդիմադիր գործունեությամբ պայքարել ենք այդ երևույթների դեմ, ապա մենք բնականաբար մերժում ենք այդ տեսակը, քաղաքական գործչի այդ տեսակը, քաղաքական թիմի այդ տեսակը և ինքներս էլ հաշվետու ենք մեր ժողովրդին։ Այն ժողովրդին, ով որ  իր իշխանությունն է տարածել։ -Ըստ Ձեզ Կոտայքի մարզում հիմնական պայքարը ո՞ր կուսակցությունների կամ դաշինքների միջև կլինի։ -Կանխատեսումներ չեմ ուզում անել, թե՛ պայքարի մասով, թե՛ արդյունքների մասով, թե՛ քվեների մասով, բայց մի բանում խիստ համոզված եմ, որ մենք ունենանլու ենք լրջագույն արդյունք։ Իմ քաղաքական ուժը, որին ես ներկայացնում եմ, որի համահիմնադիրն եմ  և որի վարչության անդամ եմ, բավականին լուրջ հանրային աջակցություն ունի, լուրջ քաղաքական ռեյտինգ ունի մեր հանրության շրջանում, այդ թվում՝ Կոտայքի մարզում։ Եվ մասնավորապես Կոտայքի մարզում մենք կարծրատիպեր կոտրող արդյունքներ ենք ունենալու, դրականում ես համոզված եմ միանշանակ։ -Տարածված տեսակետի համաձայն՝ Կոտայքի մարզում ԲՀԿ-ն նույնպես մեծ ազդեցություն է ունեցել, քաղաքական լծակներ է ունեցել։ Ձեր կարծիքով ինչպե՞ս կդասավորվեն ուժերը համեմատած ձեր կուսակցության հետ։ -Մենք մեր կուսակցությամբ, մեր քաղաքական դաշինքով, կուսակցությունների դաշինքով ընտրապայքարը տանելու ենք բացառապես օրենքի շրջանակներում օրենսդրությանը և ընդունված նորմերին խիստ համահունչ և այդ շրջանակներում նաև խիստ հետևողական ենք լինելու մեր մրցակիցների քաղաքական վարքին։ Եթե մրցակիցներից, անկախ տվյալ գործչի, տվյալ քաղաքական ուժի ով լինելուց, եթե թույլ կտան օրենսդրության ու Սահմանադրության խախտումներ, մենք օրենքի ողջ ուժով հակադարձելու ենք նրանց։ Եվ մենք չէ, որ հակադարձելու ենք, իրենց հակադարձելու է Հայաստանի Հանրապետությունը։  -Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական ընդդիմության ձևավորման խնդիրը հետագայում։ Եթե դուք իշխանություն լինեք, ո՞ւմ եք տեսնում հնարավոր ընդդիմություն։ -Չեմ սիրում կանխատեսումներ անել, բայց բնականաբար շատ ուժեղ ընդդիմություն եմ ուզում, որ ունենանք, առողջ ընդդիմություն, ոչ թե զազրախոսող, ոչ թե մերկապարանոց քննադատություններ հնչեցնող, այլ՝ առողջ, սրտացավ քննդատություն։ Օրակարգ բերող ընդդիմություն, որը կմատնանշի մեր կոնկրետ բացթողումները, թերացումները, որոնց շուրջ կծավալենք դիսկուրս և դրանով ավելի կուժեղանանք երկուստեք, ու դրանով կշահի բնականաբար ՀՀ քաղաքացին։ Ուժերի վերադասավորման առումով չեմ ուզում ոչինչ ասել․դա ընտրությունները ցույց կտան, բայց կան կուսակցություններ, որոնց չէի ցանկանա տեսնել առհասարակ։ Դա այն կուսակցություններն են, որոնք 2-2,5 տասնամյակ իշխանության ղեկին են եղել, պսևդոընդդիմություն են խաղացել, բայց իրենք հավասարապես պատասխանատու են պետության, երկրի այս վիճակի համար, որ մենք ենք ժառանգել։ Որոնց սխալներն ենք մենք հիմա ցանկանում սրբագրել, բայց կարծես թե սրբագրելը շատ դժվար է, ավելի հեշտ է ջնջել այդ ամենը, նոր զրոյից կառուցել, քան ուղղել, սրբագրել որոշ ոլորտներ, որտեղ իրենք գործունեություն են ծավալել։       -Էդուարդ Շարմազանովը համարում է, որ միակ իրական ընդդիմությունը կարող է լինել ՀՀԿ-ն։ Իսկ թե՛ Լուսավոր Հայաստանի, թե՛ ԲՀԿ-ի թե՛ ՀՅԴ-ի կապակցությամբ նշում էր, որ նրանք չեն կարող լինել ընդդիմություն, որովհետև ուղղակի «ծափ տվողներ» են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։ -Ես չեմ ուզում մեկնաբանել Շարմազանովի քաղաքական մտքի «գոհարները», բայց կոնկրետ Հանրապետական կուսակցության մասով կասեմ, որ քաղաքական ընդդիմություն կարող  է լինել ՀՀԿ-ի վերափոխված, առողջացած, վերակենդանացած ինչ-որ մի թև։ Թե ում ենք տեսնում այդ թևի մեջ յուրաքանչյուրս դատենք մեր մեջ։ Շարմազանովը միգուցե հնարավորություն ունի այդ թևի մեջ լինելու, բայց վերափոխումից, քաղաքական խորքային վերափոխում ապրելուց հետո։ -Հրազդանի նախկին քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործն ի՞նչ փուլում է։ -Նախկին քաղաքապետի կողմից չարաշահումների փաստով հարուցվել է 2 քրեական գործ։ Նաև արտաքին աուդիտի արդյունքներով դարձյալ ունենք բավականին լուրջ ֆինանսական իրացումների առերևույթ փաստեր, որոնք նույնպես փոխանցվել են տարածքային կառավարման և զարգացման նախարարության խողովակներով իրավապահ մարմիններին։ Գործի ընթացքին ծանոթ եմ այնքանով, որքանով որ պաշտոնեական լիազորություններս ներում են․ պարզապես հարցում կատարելու միջոցով։ -Իսկ բացի նախկին քաղաքապետից այլ անձինք ներգրավվա՞ծ եղել են չարաշահումների մեջ։ -Չեմ կարող որևէ այլ ինֆորմացիա տալ, որովհետև իրավական տեսանկյունից կոռեկտ չեմ համարում։ Մի քանի փաստերով կան հարուցված քրեական գործեր, ապա սպասեք այդ դեպքում համապատասխան գերատեսչությունների պարզաբանումներին։