Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Մեր 109 կգ քաշային դյուցազնը պոկում վարժությունում երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրեց 197 կգ ծանրաձողը, սակայն մրցավարները չհաշվեցին այն: Արդյունքում, մեր մարզիկը 195 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը, բարձրացնելով 230 կգ ծանրաձողը, առաջ անցավ բոլորից եւ դարձավ աշխարհի չեմպիոն: Հետո նա իրենց ենթարկեց նաեւ 240 կգ ծանրությունը եւ երկամարտի 435 կգ արդյունքով վստահ գրավեց 1-ին տեղը: Նրան հաջորդող չինացի Ժե Յանգը հետ մնաց 16 կիլոգրամով:

Այդպիսով,  Սիմոն Մարտիրոսյանը առաջին լիարժեք մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում Հայաստանի համար: Այսօր հանդես կգա նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), իսկ նոյեմբերի 10-ին՝ Գոռ Մինասյանը (+109 կգ):