Երևանում բացվեց առաջին Սմարթ այգին (տեսանյութ)

Նոյեմբերի 7-ին Էրեբունի ամրոցի հարակից տարածքում տեղի ունեցավ առաջին սմարթ այգու պաշտոնական բացումը:

Այն յուրահատուկ նվեր է հարազատ քաղաքին Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ: Կառուցված է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների հիմնած «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքն ամբողջովին կանաչապատվել է, Արհեստական ջրավազանները և նրանց միացնող փոքրիկ գետակը լրացնում են այգու գեղագիտական տեսքը:

Գեղեցիկ ճեմուղիները, հարմարավետ նստարանները, փոքրիկների համար խաղահրապարակը՝  շախմատով և սքեյթբորդի թեք հարթակներով, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների համար կառուցված մեծ բեմը՝ հաճելի մթնոլորտ կապահովեն այգու այցելուների համար:

Երեկոյան ժամերին այգին լուսավորում են «խելացի» լամպերը, որոնք սնուցվում են արևի էներգիայով և փոխում ուժգնությունը՝ զբոսանքի դուրս ելած մարդկանց մոտենալուն պես:

Տարածքում գործում է անվճար Wi-Fi, ինչպես նաև՝ լիցքավորիչներ, որոնք, ի դեպ, նույնպես սնուցվում են արևային էներգիայով:

Նոր ժամանակներին համահունչ, բայց ամբողջովին պատմական շունչ ունեցող սմարթ այգին պատրաստ է դիմավորելու իր այցելուներին: