Կոնսերվատորիայում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Սոնա Հովհաննիսյանը  նշանակվել էԵրևանի  Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայի  ռեկտորի ժամանակավոր  պաշտոնակատար:

Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում, դերասանուհի Լիլյա Հովհաննիսյանի ընտանիքում: Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-1984 թթ.՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-1989 թթ.՝ Երևանի  Կոմիտասի  անվանպետական  կոնսերվատորիայի  խմբավարական  բաժնում՝  Ռաֆայել Մանգասարյանի  դասարանում: 1990-1993 թթ.  մասնակցել է պետական կոնսերվատորիայի  ասիստենտուրա-ստաժիրովկայի «Խմբավարություն» մասնագիտության կուրսերին:

1984-1989 թթ. աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության  ուսուցիչ և խմբավար,  միաժամանակ որպես  խմբավար աշխատել է  քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական  գեղագիտական  դաստիարակության կենտրոնում: 

Ղեկավարել է«Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը: 1995 թվականից  դասավանդում է Երևանի Կոմիտասի  անվան պետական  կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թ.՝ դոցենտ, 2016 թ.՝ պրոֆեսոր): 1992 թվականին հիմնադրել և առ այսօր  ղեկավարում է  «Հովեր» երգչախումբը: Երգչախմբի հետ համերգներով  հանդես է եկել  Իտալիայում,  Ֆրանսիայում,Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում,Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում,  հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ):

«Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ  և  օպերաներ՝ «Սևիլյան սափրիչ»,  «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին», «Անուշ»:

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007 թ.

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2010 թ.