Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդերքօգտագործողները բյուջե են վերադարձրել 300 մլն ՀՀ դրամ

Պաշտոնական
dataxazutyun-1

Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազությունը  նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների  նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն:   Պարզվել է, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով  թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն ՀՀ դրամի,  պետական տուրքի գծով թվով 123 ընդերքօգտագործող՝ ընդհանուր շուրջ 160  միլիոն դրամի չափով պարտավորություն: Բացի այդ պարզվել էր, որ 417  ընդերքօգտագործող չի կատարել համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ կատարելու գծով ընդհանուր շուրջ 280 միլիոն ՀՀ դրամի չափով պարտավորություն:   ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ձեռնարկել  օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու պարտավորությունների  չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավորր  խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու  պետական մարմինների հետ ձեռնարկել քայլեր ընդերքօգտագործողների կողմից  վճարումների կատարումն ապահովելու ուղղությամբ:   Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր  դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ մարզերի դատախազություններին ուղղված շրջաբերականի և ՀՀ էներգետիկ  ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ուղարկված հաղորդման  հիման վրա բոլոր պարտապան ընդերքօգտագործողները նախազգուշացվել են  պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:   ՀՀ գլխավոր դատախազությունը նաև դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունն ստանալու համար՝ դատախազական ներգործության անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ, միջոցների վերականգնման նպատակով, ըստ անհրաժեշտության, պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման հարցը քննարկելու համար: Իրականացված միջոցառումների արդյունքում՝ ռեկուլտիվացիոն վճարների գծով  ներկա պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 80 միլիոն, պետական տուրքի  գծով՝ շուրջ 31 միլիոն ՀՀ դրամը, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր  շուրջ 183 միլիոն ՀՀ դրամի ներդրումներ:   Այսինքնն ընդհանուր առմամբ նախորդ 5 ամիսներին, 01.11.2018թ. դրությամբ,  պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների շուրջ 963 միլիոն  ՀՀ դրամ պարտավորություններից արդեն իսկ կատարվել են շուրջ 300 միլիոնինը:   Միաժամանակ, բազմաթիվ ընդերքօգտագործողներ պարտավորվել են  պարտավորությունները կատարել մաս-մաս՝ կազմած ժամանակացույցին  համապատասխան:   Ընդերքօգտագործողների կողմից պարտավորությունների կատարման գործընթացը շարունակվում է:     ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին