Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես կգա սեփական թեկնածուով. artsakhpress.am

Քաղաքականություն
95880

2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես կգա սեփական թեկնածուով: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ խորհրդարանական նախորդ երկու ընտրությունները ցույց են տվել, որ ժողովուրդը մեծ վստահություն ունի կուսակցության նկատմամբ, իսկ մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում «Ազատ հայրենիք»-ը բավարար քաղաքական կապիտալ է կուտակել երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար: «Թե ով կլինի այդ թեկնածուն, կորոշվի 2019թ.-ին կայանալիք կուսակցության համագումարում: Եվ հույս ունենք, որ մեր առաջադրած թեկնածուն կարժանանա ժողովրդի վստահության քվեին: Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մեզ համար շատ կարևոր է նաև, որ թե՛ նախագահական և թե՛ խորհրդարանական ընտրություններն անցնեն ԱՀ Ընտրական օրենսգրքի և ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան»,- ասաց Ա. Թովմասյանը՝ ավելացնելով, որ ժողովրդավարական արժեքների ամրապնդումն Արցախի Հանրապետությունում այլընտրանք չունի: Այն հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում երկրի կառավարման գործում ինչպիսի ձևաչափ են պատկերացնում, Ա. Թովմասյանը նշեց, որ դեմ են միատարրությանը, և արդյունավետ աշխատանքի համար պետք է օգտագործվի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներուժը: