Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանություն-ընդդիմություն բանավեճում Փաշինյանի ասածը սխալ է մեկնաբանվել»

Քաղաքականություն
rob

Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի հետ սահմանի հնարավոր փակման մասին հայտարարությունը սխալ է ընկալվել. «Մեղավորը իշխանություն-ընդդիմություն բանավեճն է, որն այս հայտարարությունը սխալ մեկնաբանեց»,- ասում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։ ԱՄՆ հարցերով փորձագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, Իրանի  նկատմամբ պատժամիջոցներին զուգահեռ ԱՄՆ-ն Հայաստանի նկատմամբ ճնշում չի գործադրի. «Ասում են՝ մենք հասկանում ենք, որ բարդ աշխարհագրություն ունեք, բայց հասկացեք, որ ճզմելու ենք Իրանին, այսպիսի մոտեցում ունի ԱՄՆ-ն»։ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի գնահատմամբ էլ Բոլթոնի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրել չեն կարող. «ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում իշխանափոխություն անել, զարգացումները ցույց կտան, թե մենք ինչ պիտի անենք, մեր դիվանագիտությունը պիտի լինի ճկուն ու նախաձեռնող»։ Իրանում 2015-ից հետո, երբ պատժամիջոցները հանվեցին՝ տնտեսական մեծ աճ գրանցվեց. «Իրանը փակ տնտեսություն է, սանկցիաները 50-ականներից են կիրառվում, ամեն տասնամյակ կիրառվել են, այս վերջինն աննախադեպ է, կարելի է կանխատեսել, որ արտահանումը լուրջ անկում կապրի»- ասում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Ըստ նրա՝ կանխատեսումներն այս պահին բացասական են, բայց Հայաստանի տնտեսության ազատականացումը Իրանի հետ տնտեսական հարաբերությունների աշխուժացման հնարավորություն է ստեղծել։ Վարդան Ոսկանյանն այն կարծիքին է, որ Իրանին ճզմել հնարավոր չէ. «Նպատակը Իրանի ազդեցության ընդլայնումը թույլ չտալն ու հնարավորության դեպքում այնտեղ վարչակարգի փոփոխության հասնելն է, երկուսի դեպքում էլ ԱՄՆ-ն հաջողության չի հասնի»։