Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկինում աշխատել են ոչ թե լանցետով, այլ թրով, մենք լանցետով ենք աշխատելու. Ա. Մեսչյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Region-Capture-3

«Քանի ես գլխավոր ճարտարապետ եմ, պատմական որևէ հուշարձան այլևս չի քանդվելու, հայտարարեց Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, եթե  այն տարիներին, երբ քանդվում էին այդ շենքերը, ինքը լիներ քաղաքի գլխավոր ճարտարապետը,  բնականաբար թույլ չէր տա, սակայն «գնացքը գնացել է» և պատմական հուշարձանների կոտորածը փաստ է: «Ճարտարապետությունը, ցավոք, ծառ չէ, որ կարողանան վերատնկել: Նախկինում աշխատել են ոչ թե լանցետով, այլ թրով, մենք լանցետով ենք աշխատելու», - ընդգծեց գլխավոր ճարտարապետը: Մեսչյանը նշում է, որ  հիմա գոնե պետք է կարողանալ բալանսի բերել և որ ամենակարևորն է կառուցապատողը պետք է վերաբերմունք ունենա քաղաքին, միայն որպես բիզնես չդիտարկի. «Այս սրան պետք է վերջ տալ: Ինչքան ուզեցին մխտրել քաղաքը, չստացվեց: Հիմա պետք է և հնարավոր է թաղամաս առ թաղամաս կարգի բերել, վերացնել շենքերի  վրայով անցնող և քաղաքի տեսքը այլանդակող գազի խողովակաշարերն ու էլեկտրական լարերը, անկանոն կառուցված մանսարդների և ավտոտնակների հարցերը վերանայել, բնակելի շենքերի տարածքում մանկական ու սպորտային հրապարակների համար տեղ բացել: Այս ամենի համար ժամանակ է պետք, սակայն սա իրագործելի է: Կուտակված բազում խնդիրներ կան և ինչքան կաշխատեմ, կփորձեմ իրագործել»,-ասաց նա: Արթուր Մեսչյանն առաջին գլխավոր ճարտարապետը կլինի, որ որևէ ստեղծագործական նախագիծ չի անի, քանի դեռ գլխավոր ճարտարապետի պաշտոնն է զբաղեցնում և սրա հետ կապված նրա որոշումն իր բացատրությունն ունի: «կարող եմ նախագիծ անել Բոստոնում Կամ Ադիս Աբեբայում, սակայն ոչ Երևանում: Որպես գլխավոր ճարտարապետ ես կլինեմ ոչ թե ղեկավար, այլ կոլեգա»,- նշեց նա: Արթուր Մեսչյանի խոսքով Հյուսիսային պողոտայից բոլորը բողոքում են, սակայն նույն բողոքողները երեկոյան քայլում են այդ պողոտայով և փաստ է, որ այն դարձել է ամենամարդաշատ վայրերից մեկը: Նրա կարծիքով ավելի մեծ խնդիրներ կան, օրինակ` Կիևյան կամուրջի տարածքը, որը ժամանակին քաղաքի մուտքերից մեկն էր, ճարտարապետական արժեք ունեցող ավարտուն փողոց էր, որ այլանդակվեց անիմաստ շինություններով: Եվ նման շատ օրինակներ կարելի է բերել: Սակայն ամենամեծ խնդիրներից է  քաղաքի բնակչության համար, թերևս ամենաթունավոր նյութերից մեկը համարվող ազբեստե շիֆերի տանիքներն են:  Երևանի գլխավոր ճարտարապետը համոզված է, որ չլուծվող հարցեր չկան, ուղղակի բոլորը պետք է լինեն մի գնացքի մեջ: