Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրան-ՀՀ-Վրաստան համագործակցությունն ունի ընդլայնվելու հեռանկար»

Քաղաքականություն
Region-Capture-2

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նկատեց, որ երեկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ ՀՀ-ն Իրանից գազ կարող է ստանալ բարտերի պայմաններով, այսինքն՝ ապրանքափոխանակության պայմաններով՝ մեկ խորանարդ մետր գազի դիմաց երեք կիլովատ-ժամ էներգիա: Ըստ պատգամավորի՝ նախարարն ասել է, որ դա Իրանի նկատմամբ սանկցիաների ռեժիմում չի տեղավորվում, որովհետև դա ձեռքբերում չէ: «Զուգահեռ Ադրբեջանը որոշ ժամանակ առաջ դադարեցրել է Իրանից երկու մլրդ խմ գազի ձեռքբերումը, բայց Ադրբեջանի հետ կապված կան բացառություններ ԱՄՆ-ի կողմից»,-ասաց նա և արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե որոնք են այն ռիսկերը, որոնք որոշ ժամանակ հետո չեն բացառում՝ կվերաբերվեն այդ ապրանքափոխանակության խնդրին: Ալեն Սիմոնյանի հարցադրման՝ ինչպե՞ս եք գնահատում Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարություններին, ԱԳ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Կարեն Նազարյանը պատասխանեց՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն անդրադարձել է Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարություններին, և ես այդ պատասխանից ավել որևէ այլ բան չեմ կարող ասել։ Անդրադառնալով ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանը՝ Նազարյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իր գործընկերների հետ շարունակել բաց և անկաշկանդ փոխգործակցությունը՝ զարգացնելով հարաբերությունները Իրանի, Վրաստանի և Եվրամիության հետ։ Նախարարի տեղակալն առանձնացրեց հատկապես Իրանի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։ «Իրանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի պահպանումը կարևոր է անկախ այն իրադրությունից, որն այսօր ստեղծվել է։ Այդ հարաբերությունները պետք է զարգանան մեր քաղաքական-տնտեսական փոխշահավետ համագործակցության հիման վրա և չպետք է զարգանան 3-րդ երկրի հետ ՀՀ-ի ունեցած հարաբերությունների հաշվին»,- ասաց Նազարյանը։ Տարանցիկ համաձայնագրի մասին, որտեղ ներգրավված են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը, Շիրակ Թորոսյանը խոսեց ՀՀ-ի ծովային ելք չունենալու հանգամանքի վերաբերյալ. «Մեր միջազգային գործընկերները պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը և այս տեսանկյունից մենք պետք է մեր հարևան երկրների հետ հարաբերություններում որոշակի հնարավորություններ ունենանք, առավելևս որ առանց այն էլ  չունենալով ծովային ելք՝ մեր որոշ հարևաններ տնտեսական շրջափակման ճանապարհով խիստ սահմանափակում են մեր այդ հնարավորությունը, խոսքս, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի մասին է»:      Ի պատասխան ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ասաց. «Թուրքական կողմից իրականացվող և Ադրբեջանի կողմից իրականացվող անօրինական՝ միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտելի այդ քայլը, մշտապես գտնվում է մեր օրակարգում, ինչպես նշեցի, և այս հարցում մենք ունենք լիակատար փոխըմբռնում ինչպես մեր ԵՄ, այնպես էլ մեր մյուս զարգացման գործընկերների հետ»: Խոսելով ՀՀ-ի համար մեղմացուցիչ միջոցների վերաբերյալ՝ արտգործնախարարի տեղակալն հավելեց. «Տեղյակ եք նաև, որ այս փուլում մենք քննարկում ենք հնգակողմ փաստաթուղթ: Խոսքը գնում է տրանսպորտային տարանցիկ համաձայնագրի մասին, որտեղ ներգրավված են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը: Եվ սա միտված է մեղմացնելու այն խնդիրները, որոնք որ ծագում են Հայաստանի դեպի ելք չունեցող երկրի կարգավիճակից: Եվ այս ուղղությամբ մենք տեսնում ենք հավելյալ հնարավորություններ տարածաշրջանային փոխգործակցության հավելյալ ծրագրերի իրականացնելու առումով: Օրինակի համար դրանցից մեկը կարող է լինել էներգետիկայի բնագավառում Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությունը, որը նաև ունի հեռանկար ընդլայնվելու, եթե այդ առումով պատրաստակամություն հայտնեն նաև մեր հարևանները»: Տեսանյութն՝ այստեղ