Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշվել է Գարեգին Բ-ի գահակալության 19-րդ տարեդարձը

Հասարակություն
04.01.01

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը   Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման ու գահակալության 19-րդ տարեդարձը: Այս առիթով աշխարհասփյուռ հայոց եկեղեցիներում կատարվեց Հայրապետական մաղթանք: Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցվեց ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:   Պատարագի սրբազան արարողության ընթացքում տրված իր քարոզում Տաթև եպիսկոպոսը մասնավոր անդրադարձ կատարեց Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 19-րդ տարեդարձին: «Մեծապես ուրախ ենք և միևնույն ժամանակ հպարտ, որ ականատեսն ու մասնակիցն ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փառավոր էջերից մեկի կերտման՝ անցյալի արժևորմամբ, ներկայի ազգաշեն գործերով և լուսավոր ապագայի տեսլականով: Հիրավի, Ձերդ Սրբության գահակալության 19 տարիների ընթացքում Հայ Եկեղեցին ապրեց հոգևոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ձերդ Սրբության ներդրված ջանքերի և հետևողական ու նվիրյալ աշխատանքի: Անցնող 19 տարիները Հայ Եկեղեցու համար եղան զորացման, բարեկարգման, եկեղեցաշինության տարիներ՝ առավել ճանաչելի դարձնելով Հայ Եկեղեցին միջազգային և համաշխարհային հասարակությունների և կրոնական ու աշխարհիկ կառույցների առջև: Անցնող 19 տարիները եղան ոչ միայն տեսանելի, քարակերտ եկեղեցաշինության տարիներ, որ շատ հաճախ շեշտվում է և երբեմն էլ շահարկվում, այլև անտեսանելի՝ մարդկային հոգում և մտքում հոգևոր տաճարների շինության տարիներ, անձնվեր ծառայության ու նվիրումի տարիներ՝ որպես օրինակ և ներշնչումի աղբյուր հանդիսանալով Հայ Եկեղեցու հոգևոր դասի և մեր հավատավոր զավակների համար՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով, ինչպես ասում է Պողոս առաքյալը», - ասաց Սրբազան Հայրը: Պատարագիչ Սրբազանը ներկայացրեց Հայոց Հայրապետի 19 տարիների հովվապետության ընթացքում տարբեր բնագավառներում իրականացված հսկայածավալ աշխատանքները՝ մասնավորապես խոսելով հոգևորականների պատրաստության առաքելությանը լծված հոգևոր կրթական հաստատությունների, հայեցի դաստիարակության և մանուկներին ու պատանիներին կրթություն ջամբող հանրակրթական դպրոցների և հայորդաց տների, հայագիտական, կրթական ու ուսումնական հաստատությունների գործունեության մասին: Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այս տարիներին իրականացված քարոզչական ու սոցիալական բազմազան ծրագրերին, կարիքավորների, որբերի, հիվանդների, զինծառայողների, ազատամարտիկների խնամքին ուղղված ձեռնարկներին, Հայոց բանակում, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում և խնամատար այլ հաստատություններում կազմակերպված հոգևոր ծառայություներին: Ընդգծվեց նաև կարևորությունը այս տարիներին գումարված Եպիսկոպոսաց և Եկեղեցական ներկայացուցչական ժողովների՝ միտված Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը և եկեղեցական կյանքի կանոնակարգմանը: Տաթև եպիսկոպոսը նաև խոսեց Եկեղեցու, հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների և հարձակումների մասին, որոնցով փորձ է արվում տարատեսակ կեղծիքի տարածմամբ պառակտում առաջացնել հայ ժողովրդի մեջ, խարխլել և սասանել Հայ Եկեղեցու հիմքերը: «Այսօր էլ, ինչպես 1700 տարիների ընթացքում, փորձ է արվում պայքարելու Քրիստոսահաստատ, դարերի բովով և բազում փորձությունների միջով անցած, թրծված, հայ ժողովրդին հայրաբար իր թևերի տակ առած և սնած, բազմիցս վիրավորված, բայց կրկին վերածնված և զարթոնք ապրած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և իր ազգընտիր գահակալի դեմ: Այո՛, իրապես զարթոնք ապրած, զարթոնք, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի ու անվիճելի է և հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Հայոց Եկեղեցու գահին բազմած է 132-րդ Հովվապետը: Բոլոր ժամանակների Հայոց Եկեղեցու անդաստանում և հայ ժողովրդի կյանքում եղել են խնդիրներ, մարտահրավերներ, որոնք ժամանակի հայրապետները, եպիսկոպոսները, քահանաները և Եկեղեցու, ազգի խնդիրներով մտահոգ անհատների իմաստության ու մտածված գործողությունների շնորհիվ փառահեղ լուծումներ են գտնվել, և իբրև ազգ ու Եկեղեցի մենք շարունակել ենք պատվով ապրել և բարգավաճել:  Այդպես է նաև այսօր: … Վեհափառ Տեր, իբրև Հայոց Հայրապետ, դուք ձեր իմաստությամբ, աշխատասիրությամբ ու խոնարհությամբ բոլորիս ցույց եք տալիս, թե ինչպե՛ս հաղթահարել այդ մարտահրավերները` Հայ Եկեղեցին առաջնորդելով առավել զորացման: Իբրև քաջ հովիվ և առաջնորդ ունենալով Ձերդ Սրբությանը՝ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականությունն այսօր շարունակում են իրենց առաքելությունը, որ եղել է և կա Տիրոջ փրկչարար խոսքի քարոզչությունն ու լույսի տարածումը, ազգային և քրիստոնեական արժեքների պահպանումն ու տարածումը», - ասաց պատարագիչ Սրբազանը` փաստելով, որ հակառակ բազում խոչընդոտների ու դժվարությունների Աստծո կամքով Եկեղեցին զորանում ու շենանում է նոր և կրթյալ սպասավորներով, նորոգվող և կառուցվող սրբավայրերով, նոր սերնդի մեջ ազգային արժեքների սերմանմամբ, հավատքի աճով ու նվիրումով: Քարոզի ավարտին Տաթև Սրբազանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի և բոլոր ներկաների անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 19-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով, որ Աստված անսասան պահի Սուրբ Էջմիածինը, Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար տարիներ՝ պարգևելով անսպառ եռանդ՝ առաջնորդելու իր հավատավոր զավակներին: Սրբազանը հայցեց Բարձրյալի օժանդակությունը Հայոց Հովվապետին ազգաշեն ու եկեղեցաշեն բոլոր ծրագրերի իրագործման համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբանությունը և հավատավոր ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Նորին Սրբության կենաց արևշատության, արդյունավոր և անսասան բազմամյա գահակալության, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար: Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ և տարբեր թեմերից հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ:  Տոնական այս օրը Հայոց Հովվապետին այցելեցին նաև մշակույթի տարբեր գործիչներ: Տարեդարձի առիթով Մայր Աթոռում ստացվեցին բազում շնորհավորագրեր աշխարհասփյուռ թեմերից, ազգային կառույցներից և հասարակական գործիչներից: