Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ներկայացուցիչներն այցելել են «Էյ Սի Փի» ընկերություն

Տնտեսություն
ankyun

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ալավերդու «Էյ Սի Փի» ընկերություն են այցելել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանը, փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նրանք հանդիպել են ընկերության ղեկավարներ Լուսինե Մեջլումյանին  ու Նիկոլայ Ֆեոֆանովին:

Հանդիպման ընթացքում խոսվել է գործարանի պատմության ու Ալավերդու համար  դրա կարևոր դերի, նշանակության մասին: Անդրադառնալով պղնձաձուլական գործարանի աշխատանքների հարկադիր դադարին՝ Վարագ Սիսեռյանը նշել է, որ հանուն գործարանի 600-ից ավելի աշխատակիցների՝ կառավարությունն ամեն բան անելու է, որ գործարանը չփակվի:

Նա ասել է, որ նախ կհետաձգվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ըկերությանը ներկայացված 380 մլն դրամ տուգանքի վճարումը, ինտենսիվ քննարկումներ են տարվում նաև նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբ: Կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են այն հանգամանքին նաև, որ գործարանի՝ 600-ից ավելի աշխատակիցների իրավունքների համար միայն չի կարելի անտեսել քաղաքի ողջ բնակչությանը:

Վարագ Սիսեռյանը նշել է նաև, որ կառավարությունը բանակցում է տարբեր ներդրողների հետ, որպեսզի Ալավերդիում արտադրության այլընտրանքային ճյուղեր նույնպես լինեն: «Էյ Սի Փի» ընկերության ղեկավարների հետ առանձնազրույցից հետո կառավարության ներկայացուցիչները հանդիպել են նաև ընկերության աշխատակիցների հետ, այնուհետև այցելել Ալավերդու համայնքապետարան: Համայնքապետարանում քննարկվել են սոցիալական այն բոլոր ծրագրերը, որոնք տարիներ առաջ իրականացվել են գործարանի կողմից ու հիմա դադարեցված են:

Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Վարոսյանն ասել է, որ պղնձաձուլարանի աշխատանքը վերսկսելու պարագայում պետք է այնպես անել, որպեսզի այդ ծրագրերը վերականգնվեն: Քննարկվել են նաև  քաղաքի զարգացմանը, մասնավորապես  զբոսաշրջության ոլորտին վերաբերող հարցեր:

«Անկյուն+3» ՀԸ