Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չիպոլինոն» հայկական բեմում

Մշակույթ
chipolino

Հայտնի պարուսույց-բեմադրիչ Հենրիխ Մայորովը զարմանում է, որ Երևանում Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո»-ն երբևէ չի բեմադրվել: «40 տարի սպասել եմ, թե ինձ երբ կհրավիրեն  այս ներկայացումը  բեմադրելու Կարեն Խաչատրյանի հայրենիքում»,- կես լուրջ, կես կատակ ասում է բալետմայստերը, ում, ի դեպ, 1974-ին անձամբ Կարեն Խաչատրյանն է հրավիրել  իր բալետը բեմադրելու:  «Որտեղ ասես, չեմ բեմադրել, ավելի հեշտ է թվարկել, թե որ թատրոններում չեմ բեմադրել և անչափ ուրախ եմ, որ  մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ջանքերով հնարավոր դարձավ նաև ձեր թատրոնում բեմադրել»,- անկեղծանում է բեմադրիչը: Ներկայացման դեկորները և հագուստները բերվել են Մոսկվայի Մեծ թատրոնից Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և  «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Մայորովին հիացրել է բալետային թատերախումբը: «Մեծ թատրոնի արտիստները  «Չիպոլինոն» մանկական «Սպարտակ» են անվանում, քանի որ տեխնիկապես բարդ ներկայացում է, - ասում է նա,- Երևանի հետ զուգահեռ նաև Սամարայում և Մոսկվայի Կրեմլի պալատում եմ բեմադրել, ասեմ, որ հայ մենապարողները Կրեմլի մենապարողներից տեխնիկապես մի բան էլ ավելի պատրաստված են: Նրանց հետ աշխատելը մեծ հաճույք էր»: Բալետմայստեին անտարբեր չի թողել մենապարողներին բանակ տանելու խնդիրը: «Միգուցե ես այս խնդրի մասին խոսելու իրավունք չունեմ, -ասում է նա,- սակայն չասել չեմ կարող: Սա իրոք կարևոր խնդիր է և պետական մոտեցում է պահանջում: Բալետի պարողը, որ գնաց բանակ այլևս բալետ չի կարղանա վերադառնալ»: Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական ներկայացման պրեմիերան կկայանա նոյեմբերի 4-ին և 12-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և իր տեղը կգտնի թատրոնի խաղացանկում: Ի դեպ, սա հետխորհրդային շրջանում մեր թատրոնում բեմադրվող առաջին մանկական ներկայացումն է: