Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ. ԱԺ-ն կլուծարվի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-13

Նոյեմբերի 1-ին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը: Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի վեցերորդ եւ յոթերորդ մասերով սահմանված կարգով ԱԺ պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ներկայացնելով թեկնածուին, ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը, կրում է ձեւական բնույթ եւ բոլորովին նպատակ չկա նրան ընտրելու: Առաջադրումը կատարվել է՝ ապահովելու համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը: Պատգամավորը նշել է, որ նիստում վարչապետի չընտրվելու դեպքում, խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի: Ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումների ներգրավման միջոցով տնտեսության զարգացմանը, գյուղական համայնքներում առկա խնդիրներին, տարածաշրջանային հիմնահարցերին, բանկային համակարգին, էներգետիկայի ոլորտին, շինարարության ծավալների աճին, Հայաստան-Վրաստան առեւտրաշրջանառությանը, Գյումրի-Բավրա ավտոմայրուղու շինարարությանը, ստվերի դեմ պայքարին եւ այլն: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում անդրադարձել է վարչապետի ու կառավարության վեց ամսվա գործունեությանը, մասնավորապես աշխատատեղերի ստեղծման, ներդրումային միջավայրի բարելավման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, առաջին անհաժեշտության ապրանքների թանկացման հարցում ուղղությամբ կատարված քայլերին: Նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում ներդրումները պակասել են, սպասվող 3.5 տոկոս գնաճի դիմաց աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր անվտանգության ամենակարեւոր երաշխավորը բանակն է ու Հայաստանի Հանրապետությունը, բայց, ինչպես նաեւ, ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի: Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կանի հնարավորը, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանի: Միքայել Մելքումյանը խոսել է տնտեսական խնդիրների մասին՝ նշելով, որ կառավարությանը հաջողվել է վերացնել համակարգային կոռուպցիան եւ ներկրման մենաշնորհը, բայց դա բավարար չէ խնդիրների լուծման համար: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ կառավարությունը գնում է տնտեսության կառուցվածքային, արմատական տեղաշարժերի, ինչը դժվար գործընթաց է: Միքայել Մելքումյանն անդրադարձել է ձեռնարկատիրության ոլորտում, էներգետիկ կարողությունների զարգացման հարցում կիրառվող գործիքներին ու ռիսկերին: Կորպորատիվ կառավարման համատեքստում ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ բանկային ավանդների ներդրման գործընթացի մասին: Անդրադառնալով վարչապետի թեկնածուի ներկայացրած տնտեսական վերլուծությանը՝ Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պատժամիջոցներն Իրանի եւ Ռուսաստանի վրա ազդելու են Հայաստանի տնտեսության վրա: Նա կարեւորել է տնտեսական եւ քաղաքական կապերի ակտիվացումը Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի հետ, տնտեսության դիվերսիֆիկացիան, ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ խոսել լեռնամետալուրգիայի զարգացմանը խթանելու քայլերի եւ գյուղատնտեսական ապրանքների ապահովագրման մասին: Սուրեն Մանուկյանը ներկայացրել է ՀՅԴ կուսակցության անցած ուղին եւ գործունեությունը: Սերգեյ Բագրատյանը խոսել է տնտեսական զարգացումների, մասնավորապես էներգետիկայի ոլորտում իրականացվելիք քայլերի մասին՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի արտահանումն արտադրության ընդլայնման ու ներդրումային հնավորությունների ստեղծման ազդակ կհանդիսանա: Պատգամավորը կարեւորել է ենթակառուցվածքների զարգացումը, անհրաժեշտ համարել նոր բիզնես-մշակույթի ներդրումը: Գեւորգ Պետրոսյանն առաջարկել է վերանայել պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը, պետական ու մասնավոր հատվածում աշխատողների աշխատանքային իրավունքները պաշտպանելու գործընթացի նկատմամբ պետական վերահսկողությունը, կարեւորել կադրերի ընտրության հարցում մասնագետի արհեստավարժությանը նախապատվություն տալը: Լուիզա Սարգսյանն անդրադարձել է գիտության ու մշակույթի ոլորտի խնդիրներին: Վահե Էնֆիաջյանը, խոսելով մեր երկրում արդյունաբերական մթնոլորտն ու միջավայրը բարելավելու ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների մասին, ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտում Հայաստանը չիրացված մեծ ներուժ ունի: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տնտեսական գրավչությունը բարձր մակարդակի վրա է, գործարարները պետք է արդյունավետ օգտագործեն նոր իրողություններն ու հնարավորությունները: Նշվել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Խոսրով Հարությունյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այցի հնարավոր հետեւանքներին, ներկայացրել տնտեսական քաղաքականության հարցում իր նկատառումները: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է լինի գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, ինչպես նաեւ վերամշակվող արտադրությամբ զարգացած երկիր: Պատգամավորը խոսել է տնտեսության դիվերսիֆիկացման, ներդրումների խրախուսման կարեւորության մասին: Նիստի ընթացքում օրենսդիրները ողջունել են Հայաստան այցելած Բելգիայի խորհրդարանի պատգամավորներին: Եզրափակիչ ելույթում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին արդյունավետ քննարկումների համար, անդրադարձել է հնչած տեսակետներին եւ պարզաբանումներ նեկայացրել: Մինչ քվեարկությունը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքում չի ընտրվել վարչապետի պաշտոնում: