Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն

Պաշտոնական
eahk

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ընդունեց ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեին և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգին: Աշոտ Ահարոնյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց իր ղեկավարած վարչության աշխատանքը: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ տարիներ առաջ սկսեց գործել ոստիկանության պաշտոնական police.am կայքը, վարչության պատրաստած հաղորդումներն ամեն շաբաթ հեռարձակվում են տարբեր հեռուստաընկերություններով, տպագրվում է շաբաթաթերթ, վարչության համապատասխան բաժինն էլ 24 ժամ հասանելի է լրագրողների համար: Խոսվեց տեղեկատվության տրամադրման, լրագրողների հետ աշխատանքի, ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովման, զանգվածային միջոցառումների ժամանակ լրագրողների հետ տարվող աշխատանքի և այլ հարցերի շուրջ: Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար վստահեցրին, որ շատ լավ են հասկանում ոստիկանության այս ստորաբաժանման կարևոր և միևնույն ժամանակ ծանր աշխատանքը, որովհետև նրանք երկուսն էլ Ֆրանսիայում և Շվեդիայում ծառայել են համանուն վարչություններում: Քննարկվեցին և ուրվագծվեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ու ԵԱՀԿ համագործակցության ուղղությունները: Դրանք երկու կողմերի դրական գնահատականից հետո կյանքի կկոչվեն: Նույն օրը Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում: Նրանց դիմավորեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը: Հյուրերը պրոֆեսորադասախոսական կազմի հետ շրջեցին կրթահամալիրի տարածքում եղան լսարաններում, ԵԱՀԿ աջակցությամբ կառուցված մարզասրահներում: ԵԱՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր էքսկուրս անցկացնելու համար և համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: Կողմերը քննարկեցին ոստիկանության կրթահամալիրի դասախոսների համար տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու, անհրաժեշտ գրականության տպագրության և այլ հարցեր: Մուշեղ Բաբայանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ցուցաբերված աջակցության համար և վերահաստատեց, որ համագործակցությունը տալիս է ցանկալի արդյունք: Խոսվեց նաև ոստիականության ուսումնական կենտրոնի, քոլեջի և ակադեմիայի կրթական ծրագրերի մասին, նախանշվեցին համագործակցության նոր ուղղություններ: