Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է բարձրագույն կրթության 14-րդ միջազգային համաժողովին

Պաշտոնական
kgn-5

Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկել է բարձրագույն կրթության 14-րդ միջազգային համաժողովը, որին  մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է շուրջ 20 պետության 200 ներկայացուցիչ: Հիմնական նպատակն է ներկայացնել բարձրագույն կրթության նոր հնարավորությունները` արձագանքել համաշխարհային նոր մարտահրավերներին, փոխկապակցել բարձրագույն կրթությունը, հետազոտությունը, աշխատաշուկան և արտադրությունը:  Միջոցառմանը հրավիրված են Աֆրիկայի, Ասիայի, Միջին Արևելքի և ԱՊՀ երկրների բարձրագույն կրթության համակարգի պատասխանատուները և համալսարանների ղեկավարները: Համաժողովի շրջանակում նախատեսվում է բարձրագույն կրթության ցուցահանդեսի բացում, որի ընթացքում ներկայացվելու են մասնակից երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ քննարկումներ ու ելույթներ, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները և համաշխարհային փորձը: Այցի շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Հնդկաստանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է նաև Դելիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Փոխնախարարը ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, բովանդակային ծրագրերը և օրենսդրական նոր նախաձեռնությունները` առանձնակի կարևորելով կրթության որակի ապահովումն ու կրթության կառավարման համակարգի ապաքաղաքականացումը: Նախարարի տեղեկալը շեշտել է, որ ԿԳ նախարարության առաջնահերթությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ` կրթության ոլորտում կայուն զարգացում ապահովելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-հնդկական համագործակցության զարգացումը կրթության և գիտության բնագավառում: Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի հետ կապերի ամրապնդման առումով կարևորել է հայ համայնքի դերը: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել համայնքի՝ Դելիում կիրակնօրյա հայկական դպրոց հիմնելու նախաձեռնությանը, մասնավորապես վերապատրաստումներ կազմակերպել և նպաստել դպրոցի կարողությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչների հարցերին: