Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարությանը ներկայացնում է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին

Պաշտոնական
001-11

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին: Երևանի քաղաքապետը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն ու նշել, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և շատ  ավելի խստացվի վերահսկողությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որն այս տարիների ընթացքում մեծ ջանասիրությամբ կատարվել է Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի և աշխատակազմի կողմից, ու համոզմունք հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարի հետ միասին թիմը շարունակելու է իրականացնել նոր ծրագրեր՝ վարչական շրջանի շարունակական զարգացումն ապահովելու համար: «Ինձ համար չկա ոչ մի տարբերություն վարչական շրջանների միջև: Ես հենց սկզբից հայտարարել եմ, որ Երևանը միայն կենտրոնը չի, մեր մոտեցումը մնում է նույնը: Բոլոր վարչական շրջանները պետք է զուգահեռ զարգանան, բոլոր վարչական շրջանների բնակիչները պետք է իմանան, որ իրենք բոլորն էլ ուշադրության կենտրոնում են»,- ընդգծել է քաղաքապետը:   Հայկ Մարությանը շնորհավորել է Դավիթ Կարապետյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք: .......................... Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արաբկիր վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասով ներկայացնելով իր դիտարկումները՝ Երևանի քաղաքապետը  կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը: Աշխատանքում հաջողություն գրանցելու և խոստացված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու հարցում քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է  բնակիչների հետ համագործակցված մոտեցումը: Երևանի քաղաքապետը նշել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ բնակիչների հույսերն ու սպասելիքներն արդարացնելու համար: «Մենք պետք է անենք այնպես, որ մեր բնակիչները ոչ թե միայն պահանջատեր լինեն, այլ նաև մասնակից դառնան բոլոր գործընթացներին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ միայն այդ դեպքում կարող ենք հաջողության հասնել»,- ընդգծել է քաղաքապետը:   Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արտակ Միսկարյանին և աշխատակիցներին վարչական շրջանում կատարած աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ իր կողմից միշտ է գնահատվում այն ամենը, ինչն արվել է Երևանի զարգացման ու բնակիչների հարմարավետության համար: Հայկ Մարությանը շնորհավորել է Արամ Դանիելյանին՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Դավթաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանին: Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ թիմը պարտավոր է գործել այնպես, որպեսզի   բնակիչները ոչ միայն չդժգոհեն, այլև իրենց գոհունակությունը հայտնեն կատարված աշխատանքի համար: Անդրադառնալով ապօրինի շինարարությանը` քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այդ ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու համար մեծ աշխատանք պետք է տարվի: «Այսուհետ մենք ընդհանրապես թույլ չենք տալու որևէ ապօրինի շինարարություն: Սա չի նշանակում, որ քաղաքը չի զարգանալու, սա չի նշանակում, որ քաղաքն առաջ չի գնալու: Ծավալվելու է նոր շինարարություն, բայց այն անխտիր պետք է համապատասխանի կոնկրետ նորմերին և լինի  օրինական»,- նշել է Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և աշխատակիցներին՝ վարչական շրջանում կատարած աշխատանքի համար, և համոզմունք հայտնել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս հետզհետե լուծումներ կտրվեն բնակիչների կողմից վեր հանված խնդիրներին: «Մենք բոլորս ծառայում ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Կանցնի հինգ տարի, կգա ուրիշ թիմ, մենք նույնպես ղեկավարումը կհանձնենք իրենց, իսկ սա նշանակում է, որ ամեն մեկս մեր ընկած ժամանակահատվածում պետք է առավելագույնը անենք, որպեսզի քաղաքը զարգանա, որպեսզի քաղաքը գնա առաջ, սա է մեր նպատակը»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհավորելով Միքայել Թումասյանին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել է հաջողություններ աշխատանքում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նոր Նորք վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին: Մի քանի ոլորտների առնչությամբ ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել` օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնելու համար: «Այսուհետ մենք պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր քաղաքի բնակիչները ոչ միայն բավարարված, այլ նաև գոհ լինեն մեր աշխատանքից: Մենք նոր իշխանություններ ենք և մեզ վրա ենք վերցնում կառավարման պատասխանատվությունը, փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հետագայում պատվով հանձնենք կառավարումը հաջորդ իշխանություններին: Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»,-  նշել է Հայկ Մարությանն ու շնորհակալություն հայտնել վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արմեն Զաքոյանին և աշխատակիցներին` վարչական շրջանում կատարած աշխատանքի համար:  Խոսելով հետագա անելիքների մասին` Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ ցանկացած որոշում ու ծրագրի իրագործում պետք է լինի միայն օրենքի տառին համապատասխան: «Եղել են որոշումներ, որոնք ուղղակի հակասել են հանրության պահանջներին: Մի քանիսին արտոնություն է տրվել, և ընդհանրապես հաշվի չեն առնվել այդ մարդկանց ցանկություններն ու իրավունքները: Ցավոք, մենք այդ ժառանգությունը ստացել ենք: Բայց այսուհետ ոչ միայն այդպես չի լինելու, այլև ցանկացած որոշում ընդունվելու է՝ հաշվի առնելով հանրային շահը: Մենք այսօր մեր քաղաքը վերականգնելու և վերակառուցելու բացառիկ հնարավորություն ունենք: Կանցնի 5, 10 կամ 15 տարի, երբ նոր սերունդը այդ ժամանակ գա, պետք է այնպես անենք, որ մեր մասին հպարտությամբ խոսի, ոչ թե փնովի: Մենք եթե որոշել ենք ծառայել մեր ժողովրդին, ուրեմն մեր անելիքը դա է»,- ընդգծել է  քաղաքապետը: Երևանի քաղաքապետը շնորհավորել է Հայկ Մհրյանին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, և մաղթել  ձեռքբերումներ աշխատանքում՝ ի նպաստ բնակիչների ու Նոր Նորք վարչական շրջանի զարգացման: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն