Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկահայ գործարարը ներդրում կանի այգեգործության և ձկնաբուծության ոլորտում

Տնտեսություն
Untitled-53

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ գործարար Մայք Բադալյանին, ով հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով: Հանդիպման սկզբում գործարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի գինեգործության ոլորտում` արտադրելով «Արբա» գինիներ և Հայաստանում ևս մտադիր է զբաղվել այգեգործությամբ:   Բացի այդ, Մայք Բադալյանը նպատակ ունի իր լիբանանահայ գործընկերոջ հետ կազմակերպել հայկական գյուղմթերքի, մասնավորապես ձկնաբուծական արտադրանքի արտահանումներ դեպի Լիբանան: Ողջունելով Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարի հետաքրքրվածությունը` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային դաշտի ներկա վիճակն ու առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում` ինտենսիվ այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունների հիմնումը, լոգիստիկ կենտրոնների ստեղծումը և այլն: Տեղեկանալով Հայաստանում ընկուզենու այգիներ հիմնելու հյուրի ցանկության մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նմանօրինակ նախաձեռնության իրականացման արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում արդեն իսկ հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ, որոնք հայ-լիբանանյան լավագույն համագործակցության օրինակ են հանդիսանում: Քննարկվել են նաև դեպի Լիբանան հայկական գյուղմթերքի արտահանման  արդյունավետ կազմակերպմանը, Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանում ներդրումային յուրաքանչյուր առաջարկ և աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին