Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ. ՊԵԿ 3 պաշտոնյաների համար որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Պաշտոնական
hatuk-qnnchakan-carayutyun

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ  Ս. Ա.-ին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Ըստ մեղադրանքների` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ն ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊ ընկերության փաստացի ղեկավարից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նույն բաժնի պետ Ս. Է.-ի և գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ի հետ: 2018 թվականի հոկտեմբերի 15-ին Ս. Ա.-ն և Վ. Լ.-ն հանդիպել են ընկերության ղեկավարին և վերջինիս անհիմն մեղադրել ընկերությունում մի շարք խախտումներ կատարելու մեջ: Այնուհետև Ս. Ա.-ն ընկերության ղեկավարից պահանջել է հաջորդ օրն իր աշխատավայրում հանդիպել իրեն: 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ հանդիպման ընթացքում կրկին խոսակցություն է ծավալել վերջինիս ընկերությունում իբր առկա խախտումների մասին, ապա շորթմամբ՝ ընկերության գործունեությանը խոչընդոտելու, իրականում գոյություն չունեցող խախտումներն ի հայտ բերելու սպառնալիքով, նրանից անձամբ պահանջել է 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տալ 250.000-300.000 ՀՀ դրամ կաշառք:  2018 թվականի հոկտեմբերի 19-ին Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընկերության գործունեությանն իր, բաժնի պետի և գլխավոր հարկային տեսուչի կողմից չխոչընդոտելու դիմաց խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Ս. Ա.-ն իր աշխատասենյակում հանդիպել է ՍՊ ընկերության ղեկավարին և նրանից անձամբ ստացել խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, ինչից անմիջապես հետո զանգահարել է բաժնի պետ Ս. Է.-ին՝ վերջինիս և ձեռնարկատիրոջ հանդիպումը կազմակերպելու և տրված կաշառքի դիմաց ընկերության գործունեությանը չխոչընդոտելու վերաբերյալ Ս. Է.-ից հավաստիացում ստանալու նպատակով, սակայն հեռախոսային խոսակցության պահին Ս. Ա.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից, իսկ կաշառքի առարկա հանդիսացող գումարը հայտնաբերվել և վերցվել է: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Ա.-ի, Վ. Լ.-ի և Ս. Է.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են, և վերը նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: