Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ավինյանը չինական պատվիրակության հետ քննարկել է ուղիղ ավիաչվերթի բացման հարցը

Պաշտոնական
Photo-1

Հոկտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստան ժամանած չինացի գործարարների պատվիրակությանը՝ Չինաստանի առևտրա-արդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանի գլխավորությամբ։ Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ ողջունում է չինացի գործարարների այցելությունը Հայաստան, ընդգծելով, որ նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը միտված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների առավել խորացմանը և արդյունավետության բարձրացմանը: Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս չինական կապիտալի ներգրավմանը տնտեսության մեջ, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության  ծավալների մեծացմանը, և հետաքրքրված է գործարարների հետ քննարկելու փոխշահավետ ծրագրերի իրականացումը։ Փոխվարչապետի խոսքով, ներկայումս մի շարք գործընթացներ են ընթանում հայ-չինական հարաբերություններն առաջ մղելու ուղղությամբ, մասնավորապես քննարկվում են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման և ուղիղ ավիաչվերթի բացման հարցերը: Յան Ջիհանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշեց, որ իրենց բանկը ակտիվներով գրավելով առաջին տեղը աշխարհում, շուրջ 70 մլրդ ԱՄՆ դոլար ծավալ ունեցող ֆոնդ է առանձնացրել Գոտի և ճանապարհ նախաձեռնության տարածքում գտնվող պետություններում ներդրումներ կատարելու համար, որը կբերի ներգրավված պետությունների փոխադարձ զարգացմանը և աճին: Հանդիպման ընթացքում քննարկումներ տեղի ունեցան տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում չինական ներդրումների ներգրավվման հնարավորությունների մասին: Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց Հյուսիս-Հարավ մայրուղու վրա, որի կառուցումը լիովին տեղավորվում է Գոտի և ճանապարհ չինական նախաձեռնության տրամաբանության մեջ և նոր հնարավորություններ ստեղծում տարբեր տարածաշրջանները իրար կապելու համար: Անդրադառնալով հանքաարդյունաբերությանը՝ չինական կողմը նշեց, որ իրենց երկիրը մտահոգ լինելով բնապահպանական խնդիրներով, մեծ առաջընթաց է գրանցել պատասխանատու հանքաարդյունաբերության զարգացման ուղղությամբ և ստեղծել առավել ժամանակակից, մաքուր տեխնոլոգիաներ այս ոլորտում: Պատվիրակության անդամները հավելեցին, որ պատրաստ են քննարկել ինչպես հանքարարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելը, այնպես էլ Հայաստանից հանքաարդյունաբերական արտադրանքի ներմուծման հեռանկարները: Տիգրան Ավինյանը նկատեց, որ Հայաստանը բացասական փորձառություն է ունեցել հանքաարդյունաբերության հարցում, և ցանկանում է այս ոլորտում ստանդարտները առավել բարձր մակարդակի հասցնել, այնպես որ չինական կողմի հավանական ներգրավումը դրական ազդեցություն կարող է ունենալ: Անդրադառնալով գյուղատնտեսական համագործակցությանը, չինացի գործարարները նաև ասացին, որ արդեն իսկ նախատեսում են տեղի գործընկերների հետ համագործակցելով՝ կտրուկ ավելացնել հայկական գինու արտահանումը Չինաստան: Վերջում կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները՝ առավել հեռանկարային ներդրումային ծրագրերի շուրջ:   Հարգանքով, Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ