Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը

Պաշտոնական
13663_am_3

2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր: Պարոն Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական բարելավման և զարգացման գործում Հայաստանին ցուցաբերված աջակցությունը: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը ներկայացրել է ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և օրենսգրքի առաջարկվող հիմնական փոփոխությունները: Անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին ու նախապատրաստական աշխատանքներին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության և պարզաբանումների համար, վերահաստատեցին խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնառությունը և ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: