Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸO  փաթեթի տապալումը, լավ օժանդակություն է հետհեղափոխական գործընթացին. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
tatrv-1

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի տապալումը, լավ օժանդակություն է հետհեղափոխական գործընթացին: Կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: «Արդյունքում ուժեղանում է հեղափոխության կողմը: Հանրապետականի քայլը որեւէ վնաս չեմ համարում, հակառակը՝ հանրապետականը այդ քայլերով ստիպում է բացահայտվել եւ զրկում է մանեւրի հնարավորությունից այն մյուս ուժերին, որոնք իր հետ եղել են իշխանություն, բայց հետո փորձել են ինչ-որ հեղափոխական պատմուճան քաշել իրենց վրա»,-ասաց քաղաքագետը:  Բադալյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը վաղուց արդեն չի  մրցակցում իշխանության հետ: Նրանց մրցակցությունը նախկին գործընկեր- քաղաքական ուժերի հետ է. «Նրանց մրցակցությունը համակարգի մնացած էն սեգմենտների հետ է, որոնք փորձում են ՀՀԿ-ից լավ, հարմար անջատվել  եւ շահող դիրքում հայտնվել, հանրապետականի խնդիրն էլ դա թույլ  չտալն է: Իրենք դա համարում են անարդար, որ միասին են կիսել այդ համակարգը, բայց հիմա ամեն ինչ մնում է իրենց ուսերին, մյուսները մաքուր փորձում են դուրս գալ»:  Գործող ընտրական օրենսգրքով ԱԺ արտահերթ ընտրությունների գնալը, որեւէ կերպ չի ազդի  արդյունքների վրա: Իրավիճակի փոփոխություն չի լինի, ասում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը: «Կարող է ավելի շատ ծառայել հենց իշխանություններին, այս պահին: Այն առողջ համակարգ չէ, եւ հնարավորության դեպքում պետք է փոխել այդ ռեյտինգային համակարգը եւ 100 տոկոս համամասնական համակարգի անցնել»,-նշեց Վարդանյանը:  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումը չպետք է վերագրել միայն  հանրապետականներին: Դրանում իրենց մասնակցությունն ունեն նաեւ քաղաքական մյուս ուժերը, համոզված է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը. «Ինչո՞ւ չենք նշում ԲՀԿ-ի անունը: Այսպես` խուսափում, կողքով են անցնում ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: Փաստորեն, ընտրական օրենսգիրքը տապալվել է այդ բոլոր ուժերի համատեղ գործունեությամբ: Դա նրանից է, որ նախքան հեղափոխությունը՝ չի կիրառվել միասնական ստանդարտ: Կամ, նախկին բոլոր իշխանական կոալիցիաները դեմոբիլիզացվում են, կամ համաներվում են: Կամ բոլոր օլիգարխները՝ օլիգարխներ են, կամ նրանք համաներվում են»:  Հետագայում խոչընդոտներից խուսափելու համար, քաղաքագետը խորհուրդ է տալիս գործող իշխանությանը չմոռանալ, որ իրենք իշխանություն են եւ հանդես գան կոնկրետ ծրագրերով՝ հեղափոխությունը կապիտալացնելու եւ ինստիտուցիոնալ դարձնելու համար: