Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ ենք ԵԱՏՄ-ի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների հարթակ դառնալ. Փաշինյան (տեսանյութ)

Պաշտոնական
nikol-12

Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես հետևյալն ասաց։ - Այս համաժողովը լավ հարթակ է ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ամփոփելու համար՝ հատկապես Միության խորհրդի նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախաշեմին: Մենք արդեն սկսել ենք հարցերի քննարկումները, որոնք մտադիր ենք առաջարկել որպես առաջնահերթություններ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում: Վստահ եմ, որ «Եվրասիական շաբաթ»-ը կդառնա այն հարթակը, որում կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ նախագծեր և կհաստատվեն նոր գործարար կապեր: Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում է ավելի քան 300 գործարար, որոնք պատրաստ են երկարաժամկետ համագործակցության եվրասիական գործընկերների հետ, ներդրումների ներգրավման, գործընկերության ու փոխգործակցության հաստատման: Այսքան գործարարների ներկայությունն ապացուցում է համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրությունը և կոնկրետ որոշումների ձևավորման կարևորությունը: Հայաստանը ցույց է տալիս առևտրի աճի կայուն տեմպեր և համագործակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Թվերը խոսում են այդ մասին: Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանման ծավալները 2018թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 միլիոն դոլար: Այս տարի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները և Իրանը ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր՝ որպես Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի: Ընդհանուր սահմանի առկայությունը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը լրացուցիչ խթան է հանդիսանում առևտրական և տնտեսական կապերի զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև հուսալի տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման համար։