Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կուսակցություն. «Հայկական Երազանք»

Քաղաքականություն
nikol-4

Սիրելի՛ ժողովուրդ, Թավշյա հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուսերից թոթափեց քրեա-օլիգարխիկ համակարգի ծանր լուծը և այժմ հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար մենք պետք է ստեղծենք նոր, իրապես ժողովրդավարական քաղաքական ու տնտեսական կառավարման համակարգ: Դրա համար պետք է մշակվեն ու ներդրվեն երկրի իրական զարգացումն ապահովող քաղաքական նոր մշակույթի, քաղաքական ազատ ու մրցունակ դաշտի ձևավորման, տնտեսության իրական զարգացման ռազմավարության հիմքերը: Իսկ այդ ամենին հասնելու համար մենք պետք է կարողանանք ձևավորել բազմակարծիք ու գրագետ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի պատգամավորներ, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքում պայքարել են հանուն մեր երկրի ապագայի, իրենց կենսագրությամբ անբասիր են, իրենց ասելիքով ներկայացնում են հասարակության շահերը և ներկայանալի են իրենց վարքով ու բանիմացությամբ: Մենք՝ տարիներ շարունակ մեր քաղաքացիական ակտիվությամբ, մասնագիտական ունակություններով ու հնարավորություններով Հայաստանում փոփոխություններին մասնակից, երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներս, հեղափոխության օրերին ցույց ենք տվել մեր անմնացորդ աջակցությունը շարժումը սկսած քաղաքական առաջնորդող ուժին և այսօր էլ կանգնած ենք նրա կողմից հայտարարված հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերում: Մենք վստահ ենք, որ քաղաքական զարգացման նոր փուլերում անհրաժեշտ է ապահովել սթափ քննադատության ու բազմակարծության մթնոլորտը, որն անհնար կլինի առանց քաղաքական դաշտին նոր լիցք ու թարմություն հաղորդող այնպիսի ուժերի, որոնք ունեն երկրի ապագան կերտելու տեսլականն ու ճանապարհը: Մեր համոզված ենք, որ Հայաստանը կարող է դառնալ երկիր, որտեղ քաղաքացին լինելու է բարձրագույն արժեք, որտեղ քաղաքացին լինելու է ապահով և ապահովված, որտեղ քաղաքացու կամքը լինելու է միակ պահանջող ու հրամայող ուժը: Մենք տեսնում ենք այդ Հայաստանը և ունենք այդ Հայաստանի կառուցման տեսլականն ու ճանապարհը ու հանուն այդ Հայաստանի ստեղծման այժմ ձևավորում ենք «Հայկական Երազանք» կուսակցությունը: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00 Ալեքսանդր հյուրանոցի մեծ սրահում (Աբովյան փողոց): Հիմնադիր համագումարում մեր նախաձեռնող խումբը կներկայացնի կուսակցության քաղաքական պլատֆորմն ու երկրի զարգացման հայեցակարգային սկզբունքները: Ցոլակ Գրիգորյան-իրավաբան Արշակ Արշակյան-Արցախյան պատերազմի հրամանատար Արմեն Մկրտչյան-քաղաքագետ Սմբատ Ռոստոմյան-տնտեսագետ Գեղամ Հարությունյան-արևելագետ Դավիթ Խոսրովյան-իրավաբան Արտավազդ Սարգսյան-իրավագետ