Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական բռնցքամարտում շարունակվում են խմորումները (տեսանյութ)

Սպորտ
sport-boks-19.10.

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան այսօր կրկին համաժողով էր հրավիրել: Նորաստեղծ ֆեդերացիան կրկին անգամ անդրադարձավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերջին նախագահական ընտրություններին՝ նշելով, որ այն անցել է կանոնադրական խախտումներով: Մասնավորապես՝ հանրապետության վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը խախտման յոթ կետ նշեց: Օրինակ, Ֆեդերացիայի 12-րդ համաժողովում նախագահի ընտրությունները կատարվել են բաց քվերակությամբ, այլ ոչ թե փակ գաղտնի քվերակությամբ, ինչպես նշված է Ֆեդերացիայի կանոնադրությամբ։ Ելնելով դրանից, մասնակիցները գտնում են, որ պետք է անցկացվեն նախագահական նոր ընտրություններ, որին պետք է մասնակցեն բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչները: Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտարարեց, որ պատրաստ է կլոր սեղանի շուրջ հանդիպել ներկայիս ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին, սակայն միայն վերջինիս լիազորությունները վայր դնելուց հետո։ «Ես հանդիպել եմ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի հետ եւ քննարկել եմ ստեղծված իրավիճակը: Մենք անցկացնելու ենք նոր ընտրություններ: Եթե այդ ընտրությունում հաղթի անգամ Արթուր Գեւորգյանը, ապա ես պատրաստ եմ ամեն ինչով օգնել նրանց, ովքեր մտահոգված են հայկական բռնցքամարտով», - ասաց Հովհաննես Հովսեփյանը: Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը «Ա1+»-ի այն հարցին, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, ասաց. «Միանշանակ գործող ֆեդերացիայի նախագահը, որովհետեւ իր օրոք է ծագել այդ խնդիրը: Ես ոչ մի անձնական բան չունեմ նրա դեմ: Սկզբնական շրջանում Արթուր Գեւորգյանը շատ լավ էր աշխատանքում, բայց հետո նա սկսեց մարզիչներին ու բռնցքամարտիկներին բաժանել յուրայինների եւ ոչ յուրայինների: Արդյունքում ՝ստեղծվեցին երկու հակամարտող ճամբարներ, որը օգուտ չի կարող բերել հայկական բռնցքամարտին», - եզրակացրեց փորձառու մասնագետը: