Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դարեր ի վեր եկեղեցին նպաստ է բերել գիտությանը. Գարեգին Բ կաթողիկոս

Պաշտոնական
katoxikos-garegin

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական նիստին: Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նիստի մասնակիցներին բերեց իր օրհնությունն ու շնորհավորանքները:   Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգարժան նախագահ Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Հանդիսավոր նիստի հարգելի մասնակիցներ, Ուրախ ենք ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 75-ամյակի տոնական այս միջոցառմանը։ Այս պատվական հոբելյանի առիթով բերում ենք ամենքիդ Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և մաղթում գիտությունների ազգային այս կաճառին արդյունավետ աշխատանքի նոր տասնամյակներ։ Նշանակալի է Ակադեմիայի դերը Հայաստանում հիմնարար գիտությունների տարբեր ճյուղերի զարգացման գործում։ Գիտության այս բարձրագույն հաստատության անդամների՝ մեր ազգի պարծանքը դարձած ականավոր գիտնականների անունները ոսկե տառերով են արձանագրվել մեր պատմության մեջ` հեղինակություն հավելելով մեր ժողովրդին ողջ աշխարհում։ Այսօր էլ Ակադեմիայի տանիքի ներքո, անկախ ամեն դժվարությունից, հանձառությամբ ու նվիրումով տքնում են մեր երկրում գիտությունը առաջ մղող բազմաթիվ վաստակաշատ և երիտասարդ գիտնականներ, ովքեր, հիրավի, մեր երկրի զարգացման կարևոր գրավականն են։ Գիտությունների Ազգային Ակադեմիայի 75-ամյակի պանծալի հոբելյանը բարեպատեհ առիթ է խորհրդածելու, թե արդի աշխարհի պահանջներին համահունչ ի՛նչ պետք է անել մեր երկրում գիտությանը զարկ տալու, պետության և ազգի բաղձալի առաջընթացն ապահովելու համար։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես մեր ժողովրդի քրիստոնեական պատմության և մեր վերակերտված անկախ պետականության ողջ ընթացքում, այնպես և այսօր սատարել ու աջակցել է հայրենանվեր ու ազգանպաստ նախաձեռնություններին։ Մեր Եկեղեցին իր առաքելության ողջ ընթացքին գործել է համոզումով, որ գիտությունը պիտի ծառայի ազգի և մարդկության բարօրությանը, հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմանը, մարդկային կյանքի և նրա միջավայրի բարելավմանը, Տիրոջ արարչագործության խնամքին ու պահպանմանը: Գիտության հեռացումը աստվածադիր արժեքներից և բարոյական նորմերից հղի է մարդկության համար ողբերգական հետևանքներով, որի ցավալի վկայությունները բազմաթիվ են համաշխարհային պատմության մեջ: Դարեր ի վեր մեր Եկեղեցին իր նպաստն է բերել գիտությանը, նաև այդ ճանապարհով ծառայել մեր ժողովրդի կյանքի բարօրությանը: Այս առաքելությանն են ծառայել մեր վանքերին ու եկեղեցիներին կից գործող կրթարանները, վարդապետանոցներն ու համալսարանները: Սիրելիներ, մեր ժողովրդի աշխատասիրությունը, գիտելիքի ու գիտության նկատմամբ սերը, հայրենանվիրումը, հավատարմությունը նախնյաց կերտած արժեքներին այն հիմերն են, որոնց վրա պետք է կառուցենք մեր հաջողության պատմությունը, հայոց կյանքի վաղվա օրը։ Այսօր պիտի կարողանանք միահամուռ կերպով պայմաններ ստեղծել բացառիկ ստեղծագործ ունակություններով ու գիտելիքներով օժտված մարդկանց առաջընթացի համար, որով մեր ազգի ու պետության առջև կբացվեն բոլորովին նոր հնարավորություններ ու կբազմապատկվի մեր ուժը, կբազմապատկվեն մեր կարողություններն ու հաջողությունները։ Գիտությունների Ազգային Ակադեմիայի 75-ամյակի ուրախալի առիթով Մեր շնորհավորանքներն ենք բերում Ակադեմիայի անդամներին ու աշխատակիցներին: Վերստին խոնարհում ենք բերում Ակադեմիայի վաստակաշատ հանգուցյալ նախագահներին, անվանի գիտնականներին, ովքեր իրենց գովարժան գիտական մեծ գործունեությամբ հյուսեցին ու հավելեցին փառքն ու համբավը գիտության այս կաճառի: Մեր գնահատանքն ենք բերում Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ տիար Ռադիկ Մարտիրոսյանին, Ակադեմիայի բոլոր անդամներին ու նվիրյալներին, ովքեր շարունակում են գիտական այս հաստատության լավագույն ավանդույթները և արձանագրում բարի արդյունքներ: Մեր մաղթանքն է, որ Բարձրյալ Տերն Իր իմաստության շնորհներով զարդարի ամենքիդ, Գիտությունների Ազգային Ակադեմիային պարգևի նորանոր ձեռքբերումներ՝ շարունակելու իր կարևոր ծառայությունը մեր հայրենիքի շենացման ու բարօրության գործում` ապագա գիտնականներին փոխանցելով փառավոր ավանդները մեր լուսամիտ նախնյաց: Հաջողություն ենք մաղթում գիտության մշակներիդ նոր բարձունքներ նվաճելու ճանապարհին։ Աստծո սերը, օրհնությունն ու խաղաղությունը թող լինեն ձեզ և ամենքիս հետ. ամեն։