Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ անդամ երկրների գործակալությունների  հետ երկու համաձայնագիր է ստորագրվել

Պաշտոնական
bn1

Հոկտեմբերի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել երկու համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերը, ֆրանսիական Արտուա-Պիկարտի ջրային գործակալության ներկայացուցիչ Ժակ Կոտելը, բնապահպանության նախարարության, դեսպանատան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։    Բնապահպանության նախարարն, իր ողջույնի խոսքում կարևորել է համաձայնագրերի ստորագրումը, որոնք ուղղված են ոլորտի տեխնիկական վերազինմանը և մոնիթորինգի համակարգի կատարելագործմանը։ Է․ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել նաև ջրավազանային կառավարման պլանավորման լավագույն փորձով աշխարհում հայտնի Ֆրանսիայի հետ համագործակցությունը նոր հարթության վրա բարձրացնելու մեկնարկող գործընթացը։   Դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, երկու երկրների համագործակցության գերակայություններից են։ Դեսպանը բարձր է գնահատել նաև Փարիզյան համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերը։ Բնապահպանության նախարարի և ի դեմս Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության՝ ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերի ստորագրած համաձայնագրի շրջանակներում կի­րականացվի լաբորատոր և մոնիթորինգի սարքավորումների գնում, հա­մա­պատասխան վե­րա­պատ­րաստ­ման իրականացում և լաբորատորիայի նոր մասնաշենքի վե­րա­նո­րոգ­ման աջակցություն: Ողջ ծրագրի համար Հայաստանին նախատեսված է տրամադրել 1 մլն եվրո, որի շրջանակներում ենթակառուցվածքների բարելավման և սար­քա­վո­րում­ների տրամադրման ընդ­հա­նուր բյուջեն կազմում է շուրջ 600,000 եվրո։ Ֆրանսիայի «Արտուա-Պիկարդի» ջրային գործակալության և Բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալութան միջև համագործակցության համաձայնագիրն ստորագրել են գործակալության պետի պաշտոնակատար Էդգար Փիրումյանը և ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչ Ժակ Կոտելը։ Համաձայնագրի նպատակն է հիմնել տեխնիկական հա­մա­գոր­ծակցություն՝ ինս­տիտուցիոնալ հզորացման, ջրօգտագործման տվյալների հավաքագրման գործընթացի բա­րե­լավ­ման, ջրային ռե­սուրս­նե­րի համապարփակ կառավարման և տնտեսական մեխանիզմների կիրառումն ընդ­լայնելու համար: