Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան պահանջում է նախագահի նոր ընտրություն

Սպորտ
bdx-1

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը քիչ առաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է հայկական բռնցքամարտում տիրող իրավիճակին: «Հարգելի մարզաշխարհի ներկայացուցիչներ (այդ թվում՝ դժգոհող գործընկերներ), և լրագրողներ, ինչպես գիտեք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և նրա ղեկավարության: Բազմիցս հրապարակային առաջարկել ենք հանդիպել և առկա խնդիրները քննարկել, սակայն մնացել ենք անարձագանք: Քիչ առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի հետ ունեցել եմ հեռախոսազրույց և վերջինս առաջարկել է հանդիպել և քննարկել առկա խնդիրները: Ցանկանում եմ նշել, որ հանդիպումներին և քննարկումներին շատ ենք սպասել և միանշանակ ողջունում ենք նման մոտեցումը: Ավելորդ չեմ համարում նշել, որ հենց սպորտի նախարարություն և այլ կառույցներ մեր կողմից ներկայացված գրությունները միշտ մնացել են անարձագանք, վերջիններս չեն արձագանքել այդ հանդիպումներին, այնուամենայնիվ ողջունում եմ նորանշանակ նախարարի նման ողջամիտ քայլը: Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ և, վերջապես, հնարավորություն կունենանք բոլոր խնդիրները քննարկելու և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար: Գտնում եմ, որ հանդիպումը պետք է լինի հրապարակային և, այդ իսկ պատճառով կհրավիրեմ լրագրողի, ով առցանց կտեսաձայնագրի մեր քննարկումը: Նշեմ, որ ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, այլ ոչ՝ էմոցիոնալ պահանջների և սաբոտաժի միջոցով: Հարգանքով՝ ֆեդերացիայի նախագահ Ա.Գևորգյան» Նշենք, որ բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամները այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության շենքի դիմաց՝ փակելով Աբովյան փողոցը: Նրանք պահանջում են անցկացնել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն: Սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ: Նա պայքարող կողմերին հորդորել է հանդիպել կլոր սեղանի շուրջ եւ այդպես գալ ընդհանուր հայտարարի: